Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՍՏՐԵԱ ԵՎ ԾԻԾԱՂ

Աստրեա — Աստրեա, աղախին ձեր։

Ծիծաղ — Դո՜ւք եք, օրիորդ Աստրեա։

Աստրեա — Այո, ես եմ, օրիորդ Աստրեա, աստվածուհի արդարության, որ ոսկեղեն գարուն մեջ երկրիս վրա գտնվեի, բայց հետո զզվելով մարդերու անիրավություններե երկինք քաշվեցա։

Ծիծաղ — Հոն ի՜նչպես եք, հանգի՜ստ եք, թե անկից ալ գաղթելու միտք ունիք։

Աստրեա — Հոն ալ նեղություն կը կրեմ, բայց վերջապես շարունակ տեղ փոխելն ալ աղեկ չէ։

Ծիծաղ — Իրավունք ունիք, ծախք ալ կերթա։ Սանկ նստեցեք նայինք, քիչ մը խոսինք, օրիորդ Աստրեա։ Ինքզինքս շատ բարեբախտ կը համարիմ ձեր պատվաբեր այցելությունն ընդունելուս համար։ Շատուց կը փափագեի ձեզի հետ տեսնվիլ, և կրնար փափագս հագեցնել, որովհետև միայն նկարներու մեջ կը տեսնեի զքեզ անխոս և արձաններու վրա անշարժ։ Շատերու կը հարցնեի «Ո՜ւր է մեր օրիորդ Աստրեան»։ Կը պատասխանեին ինձ, Առյուծանոց գնա՛, հոն կերթա երբեմն»։ Առյուծանոց կերթայի և կը հարցնեի. «Օրիորդ Արդարությունն եկա՜վ հոս»։ Կը պատասխանեին. «Սխալ տեղեկություն տված են քեզի, օրիորդ Արդարությունն հոս բնավ եկած չունի»։— Ո՜ւր կերթա ընդհանրապես այս օրիորդն,— Ի՜նչ գիտնանք, ժողովո մը, հանձնաժողովո մը, կենդանիներուն ժողովույն, խորհրդո մը, հոգաբարձության մը անդամ չէ, որ ուր գտնվիլը գիտնանք։ Այս պատասխաններե հուսահատելով ետ կը դառնայի և նորեն կը հարցնեի ծանոթներուս հասկնալու համար, թե ո՛ւր ես և ի՞նչ կընես. գոհացուցիչ տեղեկություն չէի կրնար առնել։ Ստույգ աղբյուրներու կը դիմեի, սուտ լուրեր կառնեի։ Ապուշ դարձած էի զձեզ փնտրելով, ամենը վրաս կը խնդային, կը ծաղրեին զիս իսկ ես միամտաբար նորեն կը հարցնեի, «Գոնե վայրկյան մը չպիտի՜ կրնանք տեսնել օրիորդ Արդարության երեսը». իՆձ կըսեին. «Համբերե, համբերե՛, կր տեսնես» և ետևես կը խնդային։ Օր մը երբ փողոցե մը կանցնեի, ետևես մեկը