Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կըսեր, «Տես սա շունն, որ Արդարության աստվածուհին կը փնտրե երկրիս վրա, միշտ խաբենք զինքն և հետը զվարճանանք»։ Այս խոսքին վրա ուշաբերեցա և մտերիմներես մեկուն գնացի պատմեցի իրողությունն։ Ան ալ սկսավ ծիծաղիլ վրաս. — Փնտրածդ չես կրնար գտնել, պարապ տեղը մի հոգնիր և ամենուն ծաղրը մի շարժեր, արդեն այնքան կը խնդան վրադ, որ իրենց մեջ անունդ Ծիծաղ դրեր են. — Անունս Ծիծա՞ղ են դրեր Այո.— Ո՞վ իրավունք տված է անոնց ինձի Ծիծաղ կոչել Ծիծաղելի ընթացքդ.— Եվ ո՞րն է այն ընթացքս,— Օրիորդ Աստրեան փնտրելդ,— Եվ ինչո՞ւ ծիծաղն լի ըլլա օրիորդ Արդարությունը փնտրելն,— Որովհետև այդ օրիորդը շատուց երկինք քաշված է,— Իրավ կըսես, Շատ իրավ,— Ապա ուրեմն օր մը գործերս կարգադրելեն ետքը երկինք կելնեմ, օրիորդ Արդարության այցելություն մը կընեմ և մեկ խահվեն կը խմեմ, ըսի։ Ներեցե՛ք, օրիորդ Աստրեա, զձեզ տեսնելով այնքան ուրախություն զգացի, որ մոռցա ձեզի խահվե ապսպրելու, խահվե կը խսեք, թե թեյ։

Աստրեա — Ոչ խահվեեն կախորժիմ, ոչ թեյեն, բայց ձեր սիրույն համար խահվե մը կառնեմ։

Ծիծաղ — Շաքարո՞վ, թե առանց շաքարի։

Աստրեա — Շաքարով։

Ծիծաղ — Նարկիլե մալ բերել տա՞մ։

Աստրեա — Չէ, շնորհակալ եմ։

Ծիծաղ — Բարոյական, Բախտին ըսե, որ խահվե մը բերե։

Աստրեա — Բարոյականն ալ հոս է:

Ծիծաղ — Իմ քովս է. և ո՞ւր կրնա երթալ, ուրիշներու հետ չկրնար վարվիլ։

Աստրեա — Շատ լավ, շարունակեցեք ձեր խոսքը։

Ծիծաղ — Միտքս դրի անպատճառ երկինք ելնել, ուստի անմիջապես խմբագրի մը գրասենյակը գնացի, Բարեկա՛մ, ըսի, երկինք ելնել կուզեմ, քանիի՞ կրնաս զիս երկինք բարձրացնել.— Քսան դահեկան տուր,— Շատ է, ես քսան դահեկանով Միջագյուղեն մինչև Սամաթիա կերթամ կառքով.— Երեք քառորդ տուր երկինք բարձրացնեմ քեզի.— Չըլլար, հարյուր փարա ունիմ, եթե կ՛ընդունիս լավ, եթե ոչ ուրիշի մը կերթամ և թերևս հիսուն փարայով ալ կը հաջողիմ երկինք