Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի. — Ես նույն նիստին նստած տեղս քվե տվի և ոչ թե ոտքի վրա, ինչպես անցած է ատենագրության մեջ. կուզեմ որ շտկվի այս սխալն։

Լ. — Ես այն օրն յոթանասուն և վեց անգամ ընդմիջեցի Ի...ին ատենաբանությունը. ատենագրութենեն այնպես կերեվի, թե յոթանասուն և հինգ անգամ ընդմիջած ըլլամ և ատենապետն յոթանասուն և հինգ անգամ ի կարգ հրավիրած ըլլա զիս, մինչդեռ իրողությունն այս է, թե յոթանասուն և վեց անգամ ի կարգ հրավիրեց զիս։ Ատենագրություններն պետք է, որ հավատարմապես պատկերեն ժողովույս նիստերն, որպեսզի ապագա սերունդն ճիշտ գաղափար մը առնե անոնց վրա։

Խ. — Նույն օրն քվեի գրվող և միաձայն հավանությամբ ընդունվող առաջարկությունն իմս էր և ոչ թե Ծ...ին, ինչպես կը ցուցնե ատենագրությունն. կը խնդրեմ, որ այլևս վերջանան նմանօրինակ գողությունները, ապա թե ոչ ուրիշ անգամ առաջարկություն չեմ ըներ և կը զրկեմ ժողովն իմ օգտակար առաջարկություններես։

Ծ. — Ես ըսած եմ թե աղքատ կենդանիներու ստակն կլլած են, մինչդեռ ատենագրության մեջ կլլածենի տեղ իրենց կոկորդն անցուցած են կը կարդամ։

Կ. — Իմ այն օրվան ատենաբանությանս մեկ պարբերության մեջ ստորակետի տեղ բութ դրված է։

Հ. — Ես այն օրը ութն անգամ հազացի և ոչ թե փռնգտացի, ինչպես գրված է ատենագրության մեջ։

Ձ. — Ես այն օրը բարկությամբ մեկնեցա ժողովեն, կուզեմ որ նշանակվի հոն իմ բարկությունս, որ բողոքի ձև ունի։

Ղ. — Իմ ատենաբանությունս պարունակող էջերուն թուղթը այնքան բարակ է և տպագրությունն այնքան գեշ է, որ խոսքերուս ազդուությունն բոլորովին կորսված է. կը խնդրեմ, որ իմ ատենաբանություններս այսուհետև հաստ և լավագույն թուղթերու վրա տպագրվին։

Ճ. — Ատենագրության մեջ կը կարդամ, թե նույն նիստին մեթ շշուկ և աղմուկ հանած ըլլամ և կանոնավորությունն խանգարած, մինչդեռ ճշմարտությունն սա է, թե ես նույն նիստին մեջ տեղի ունեցած վիճաբւսնություններուն բնավ