Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը հետ՝ որու հայրն յուր վրա կը կրեր մեծատուն մը։ Այս մեծատունն շատ կը հարգվեր յուր իշուն համար, որ մեծպատիվ կը բերեր յուր բեռին։ էշն այսօր հանճարի չափ և թերևս անկե ավելի պատիվ կը բերե զինքն ստացողին, էշ մը ունեցողն ավելի պատիվ և մեծարանք կը վայելն քան զայն, որ հանճար ունի։ Փեսան երեք չորս տարի և ամեն իրիկուն կնկանը հետ կռիվ ընելեն հետո, կորոշե յուր աներոջն դիմել և անոր աղջկան ընթացքն հայտնել։


— Քու աղջիկդ, կըսե, անտանելի ըլլալ սկսավ։


— Ինչո՞ւ։


— Խոսքս բնավ մտիկ չընէր։


— Ա՞ն քու խոսքդ մտիկ պիտի ընե, թե դուն անոր պիտի հնազանդիս. ըսել է թե դուն տակավին չես գիտեր, թե ի՞նր է բարձր տեղե կնիկ առնուլ։


— Ես աղքատ եմ, իրավ է, այսուամենայնիվ գիտեմ, որ կնիկն հնազանդելու է էրկանը։ Երեկ իրիկուն առանց ինձի հարցնելու գյուղ մը գնացեր է և չորս ժամ տեսակցեր է անանկ մեկու մը հետ, որուն բարոյականին նկատմամբ տխուր լուրեր կուտան։


— Ինչ կըլլա եղեր տեսակցելով, ափսո՜ս, որ բարձր ազգատոհմին ի՞նչ լինելն դեռ չես հասկցած։


— Իրավ չեմ հասկցած։


— Մեզի ամոթ, որ քեզի պես մարդու հանեցինք աղջիկ տվինք։


— Ես մարդ չեմ, անձնականության չդպչինք, իշորեն խոսինք։ (էշերը կը բարկանան, երբ որ իրենց մարդ. ըսեն, ինչպես մարդերն կը վիրավորվին՝ եթե իրենց էշ տիտղոսն տան։ Ըստ իս՝ երկու կողմն ալ անիրավ են, և այդ հակակրությունն ավելի թյուրիմացության արդյունք է, քան թե ուղիղ բանի)։


— Պետք է, որ դուն իմ աղջկանս հնազանդիս և քիչ մը քաղաքավարությամբ վարվիս հետը, օր պիտի գա, ուր քեզի պիտի ըսեն. «Քարեկամ, տիկինն այս գիշեր մեզի հետ պարտելու պիտի երթա, վաղն առավոտ ձեզ կը հանձնենք ձեր տիկինն, դուք կրնաք հանդարտ սրտով քնանալ», և դուն թող չպիտի տաս և աղջկանս մահվան պատճառ պիտի ըլլաս։


— Հարկավ թո՛ղ չպիտի տամ։