Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չմասնակցեցա, ոչ ալ գիտեմ, թե ինչ խոսվեցավ նույն օրն, որովհետև առջի գիշերվնե քնատ ըլլալով՝ ժողովույն բացումեն մինչև փակումը քնացա։ Կը խնդրեմ, որ այս դիտողությունս արձանագրվի, որպեսզի այսպիսի զրպարտության մը զոհ չերթա անգամ մոր նույն օրն յուր ընկերներեն ավելի կարգապահ գտնված է, յուր լռությամբն ավելի ծառայություն մատուցած է քան այն անդամներն, որ բարձրաձայն պոռալով մերթ ընդ մերթ խռովեցին ժողովույն և քնույս կանոնավորությունն, միանգամ ընդմիշտ հաստատելով սա ճշմարտությունն՝ թե այս ժողովույն մեջ թույլ չեն տար ոչ խոսելու և ոչ քնանալու։

Մ. — Կը ցավիմ, որ նմանօրինակ հանցանք մալ ինձ վերագրված է։ Ես բնավ չընդմիջեցի նույն օրն Ղ...ի ատենաբանությունն: Կրնամ վկաներով ապացուցանել, թե Ղ...ի ատենախոսած միջոցին, ես Յ...ին հետ կը խոսեի սապոնին աղեկը ճանչնալու և չորցնելու մասին, մեր քովը գտնվող տասնի չափ անդամներ ալ խոսքի մեջ մտան և ցած ձայնով խոսակցեցանք սապոնի վրա. հետո կանկառին վրա խոսք բացվեցավ։ Ն... պնդեց, թե ձեթով աղեկ կըլլա, և Շ... ըսավ, թե ավելի աղեկ կուտվի եթե մսի վրա դրվի: Ո... դեմ կեցավ և հայտնեց, թե կանկառին մեջ բրինձով միս լեցնելու է, որ պատվական կերակուր մը ըլլա. կանկառեն ետքը ածուխին վրա խոսք բացվեցավ և ըսվեցավ, թե այս տարի ալ շատ սուղ կը վաճառվի։ Վերջապես ծախքերը օր ըստ օրե իջեցնելու հարկին վրա խոսքեր եղան, բայց անանկ ցած ձայնով, որ բնավ ժողովույն կանոնավորությունն խանգարելու հանգամանք չուներ: Ես, և նույն օրն ինձի հետ խոսող ընկերներս մեծ երկյուղածությամբ և զգուշությամբ վարված ենք, որ պատճառ մը չտանք, բարձր ձայնով խոսելով, ժողովույն խանգարման. և հետևապես, ներելի է անշուշտ ինձ, որ հանցավոր երևցած եմ ատենագրության մեջ, բոլոր ուժովս բողոքել և խնդրել, որ ինձ ակնարկող այդ տողերն սրբագրվին ի բժշկություն գայթակղյալ միտքերու։ Մոռցա ըսելու, որ նույն օրն՝ որքան ալ չլսեցի եղած վիճաբանությունն՝ պաշտոնիս մեջ թերություն գործած չըլլալու համար ձեռքս խղճիս վրա դնելով քվես տվի քվեարկության միջոցին։