Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ատենապետ — Անշուշտ Կրետեի սապոնին ի նպաստ քվեարկեցիր։

3. — Ինձի համար ալ ըսված է ատենագրության մեջ, թե միշտ ուրիշներուն արձագանք եղած ըլլամ, սուտ է, որովհետև ես այն օրն ներկա չէի հոս։

4. — Ոչ ալ ես նույն օրն ձեռամբարձ քվե տվի, որովհետև ձեռներս ծոցես չհանեցի. կերևի որ քովի ընկերս երկու ձեռներն միանգամին վերուցած է։

Մնացածներն ալ հետզհետե իրենց դիտողություններն ներկայացուցին և ատենապետն բացակայության խնդրույն անցավ, դիտողություններուն երկու ժամ զոհելեն ետքը։

Ատենապետ. — Տ...ը նամակով մը կիմացունե, թե հիվանդության պատճառով այս օրվան նիստին չպիտի կրնա ներկա գտնվիլ։

Ձայներ. — Օրինավոր է։

Ձայներ. — Արձանագրեցեք:

Ձայն մը. — Այս առտու տեսա ես զինքն. ինձմե ավելի քաջառողջ է, մեկ տեղ ճաշեցինք, նկանակ մը հացով ոչխարի երեք գլուխ կերավ և վեց հարյուր տրամ ալ գինի խմեց:

Ձայներ. — Ժողովույն ժամերը չվատնենք, այդ նամակն խիստ օրինավոր է, քանի որ հիվանդությունն բանավոր պատճառ մէ բացակայության. ժողովս նամակին հավատալու է և ոչ թե ուրիշներու խոսքին։ Արձանագրեցեք։

Ատենապետ. — Ջ... նամակ մը գրած է, որով կիմացունե, թե ճամբորդության պատճառավ ստիպված է քանի մը ժամանակ բացակա գտնվիլ ժողովո նիստերեն։

Ձայներ. — Ճամբորդությունն ալ բանավոր պատճառ մէ, հետևապես այս բացակայությունն ալ օրինավոր է։

Ձայն մը. — Սակայն Ջ... տեղ մը գացած չէ և երթալիք ալ չունի Վ...ին պես, որ երկու տարիե ի վեր ճամբորդության պատճառավ բացակա կը գտնվի ժողովեն, և որուն հետ ամեն օր մեկտեղ կը նստինք կելնենք։

Ձայներ. — Ժողովս խուզարկություններ ընելու պարտավորություն չունի. ամեն անդամ հիվանդության, ճամբորդության պատճառավ իրավունք ունի բացակա գտնվելու առանց