Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հրաժարյալ համարվելու. արդ, քանի որ անգամ մը կուգա հայտնել, թե հիվանդ է, կամ քաղաքես մեկնած է, բացակա կարձանագրվի և խնդիրք կը գոցվի։ Կաղաչեմ ժամավաճառ չըլլանք, կարևորագույն խնդիրներ ունինք, որոնց վրա պիտի վիճաբանինք։

Ձայներ. — Այո՛, այո... հառաջ... հառաջ... ատենապետ...

Այս միջոցին Ս... ժողովեն ներս կը մտնե, և դիվանին վրա թուղթ մը ձգելեն ետքը դուրս կելնե։ Ատենապետն նամակը կառնե և հայտարարելով, թե Ս... բերած է զայն՝ պարունակությունն, որ է հետևյալն՝ կը հաղորդն անդամներուն.

«Սրտի ցավ մը քանի մը շաբաթն ի վեր կստիպե զիս անկողնո մեջ մնալու։ Ուստի սույն երկտող թուղթովս պատիվ ունիմ հայտնելու դիվանիդ, թե այսօրվան նստին վիճաբանություններուն չպիտի կրնամ մասնակցիլ։ Մնամ հարգանոք Ս...»։

Ատենապետ. — Ի՞նչ կարծիք ունիք այս թուղթին վրա։

Ձայներ. — Խիստ օրինավոր է։

Ձայն մը. — Եվ սակայն Ս... որ անկողնո կը ծառայե՝ անձամբ բերավ հիմա այդ նամակն, հետևապես սուտ է ըսածը։

Ձայներ. — Օրինավորությունն կը հրամայե իբրև բացակա նկատել զինքն։

Զայն մը. — Արդարությունը կը պահանջե հրաժարյալ համարել զայն։

Ձայներ. — Մենք ներքին կանոնադրություն ունինք, որուն հնազանդելու պարտավոր ենք և ոչ թե արդարության։

Ձայն մը. — Բայց տեսաք, որ Ս... հիմա հոս եկավ։

Ձայներ. — Հոս գալն և չգալն մեզի պետք չէ. մենք յուր նամակն ունինք, որով կը հայտնե թե հիվանդ է և անկողնո մեջ կը պառկի։ Եվ քանի որ օրինավորությունը հարգելու համար անկողինեն ելեր մինչև հոս եկեր է, մեր պարտքն է, շնորհակալություն հայտնելով իրեն, օրինավոր բացականերու մեջ արձանագրել յուր անունն։

Ուրիշ ձայներ. — Բայց այս կերպով ստախոսությունն քաջալերած կըլլանք և օր մալ կը տեսնենք, որ ժողովույս բոլոր անդամներն կամ հիվանդ են կամ ճամբորդ։

Ձայներ. — Ժամավաճառ չըլլանք, կաղաչենք, ներքին