Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանոնադրութեան ամենապարզ տրամադրություններուն հակառակիլն պարապ բան է։

Ձայներ. — Բայց հիվանդ չէ Ս...

Ձայներ. — Ինքը կըսե թե հիվանդ է։

Ձայներ. — Մենք կըսենք թե հիվանդ չէ։

Ձայներ. — Ձեր խոսքը արժեք չունի, որովհետև դուք ուրիշին առողջության խառնվելու իրավունք չունիք։

Ձայներ. — Մենք կը բողոքենք այս նամակին պարունակությանը դեմ։

Ձայներ. — Մենք չենք բողոքեր։

Ձայներ. — Ս... հիվանդ չէ։

Ձայներ. — Ս... հիվանդ է ըստ ներքին կանոնադրության։

Ձայներ. — Սուտ է։

Ձայներ. — Ճշմարիտ է։

Ձախ կողմեն. — Քվե, քվե, քվե։

Աջ կողմեն. — Քվե, քվե, քվե։

Ձայներ. — Կուզեն որ բռնությամբ հիվանդ ընեն Ս...ն։

Ձայներ. — Կը պահանջեն, որ բռնի քաջառողջ ընենք Ս...ն, որ սրտի ցավեն կը տանջվի խեղճը, աս ի՞նչ անգթություն է։

Ատենապետ. — Ի՚նչպես կը տեսնեք, վիճաբանության տեղի տվավ Ս...ի նամակն։ Ս... կը հայտնե նամակին մեջ՝ զոր անձամբ բերավ հիմա, թե սրտի ցավ ունի, թե պառկած է և թե այսօր չպիտի կրնա ներկա գտնվիլ հոս։ Եթե Ս...ին ստորագրության հավատալ պետք է՝ ընդունելու ենք, թե Ս... սրտի ցավ ունի և կը պառկի իսկ եթե մեր աչերուն վստահիլ ներելի է՝ հարկ է խոստովանիլ, թե Ս... չպառկիր, որովհետև հիմա հոս էր։ Ուստի նախ քվեի կը դնեմ, մեր աչերուն հավատալու է, թե Ս...ի ստորագրության։

Այս բանաձևն քվեի դրվելով մեծամասնությամբ կորոշվի Ս...ի ստորագրության հավատալ։

Ատենապետ. — Արդ, հիմա քվեի կը դնեմ խնդիրն սա կերպով. ով որ Ս...ին հիվանդ ըլլալն և անկողնո մեջ պառկիլն կընդունի, թող հայտնե ձեռամբարձ քվեով։

Քվեարկության արդյունքն կը հայտնե, թե Ս... հիվանդ պառկած է։

Ձայներ. — Աս ճաթելու բան է, Ս... հիմա հոս էր...