Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձայներ. — Ներքին կանոնադրությունն հարգելու է, եթե Ս... հիմա հոս ըլլար՝ մեծամասնությունն այս քվեն կուտա՞ր։

Ձայներ. — Ս... չեկա՞վ հիմա հոս։

Ձայներ. — Հայտնի է, որ չեկավ. քվեարկությունն ալ հաստատեց, թե Ս... այսօր հոս եկած չէ բնավ. և ի՞նչպես կրնա գալ խեղճը, որ տեղեն չկրնար շարժիլ։

Ձայներ. — Ս...ին հոս գալն կամ չգալն քվեի դնել կառաջարկեմք։

Ատենապետ. — Քվե, կը պոռան և դիվանին պարտավորությունն է քկեի սա կետը, թե Ս... այսօր հոս եկավ թե չէ։

Ձայներ. — Այո՛, այո՛, քվե՛։

Ատենապետ. — Ով որ Ս...ին այսօր հոս եկած չըլլալուն կողմն է, թող ձեռամբարձ քվեով հայտնե։

Կը համրեն և հարյուր ձեռք կը գտնեն։

Ատենապետ. — ժողովս մեծամասնությամբ որոշեց, որ Ս...ն այսօր հոս եկած չըլլա և եթե եկած ըլլա իսկ պետք է մեծամասնության կամաց առջև խոնարհիչ և հարգել անոր որոշումը։

Ձայներ. — Եվ սակայն հոս էր քիչ մը առաջ։

Ատենապետ. — Ռ... որ բավական ատենե ի վեր ժողովես բացակա կը գտնվեր հիվանդության պատճառավ, այս անգամ կը հրաժարի նամակով մը, զոր ատենադպրին կուտամ, որ ընթեռնու։

Ատենադպիրն կը կարդա։

«Տ. Ատենապետ, գլուխնիդ ողջ ըլլա, այսօր մեռա, հետեվապես չպիտի կրնամ այսօրվա նիստին ներկա գտնվիլ։ Ընդունեցեք, կ՝աղաչեմ, ամենախորին հարգանացս հավաստիքն, որով մնամ խոնարհ ծառա, Ռ...»:

Ձայներ. — Օրինավոր է, օրինավոր։

Ձայն մը. — Հրւսժարյա՞լ պիտի համարվի, թե բացակա։

Ձայներ. — Ի՞նչպես կարելի է հրաժարեցնել, քանի որ ինքը չհրաժարիր։

Ձայն մը. — Սուտ է, մեռած չէ, ես զինքն տեսա այսօր։

Ուրիշ ձայն մը. — Մեռյալ մը ինչպե՞ս կրնա նամակ գրել։