Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


քեն հարսնիք, հարսնիքեն ննջեցյալ կերթան, շաբաթներով իրենց պաշտոնին գլուխն չեն գտնվիր և դարձյալ ամենուն սիրելի են. երթանք պարտինք այսօր։

Ծիծաղ. — Երթանք, բայց առանց ընկերի չեմ երթար ես, մեր հետն առնենք Արամազդն։

Եվողոս. — Արամազդ գործ ունի...

Ծիծաղ. — Ի՞նչ գործ, սագի կերպարա՞նք կը մտնե նորեն:

Եվողոս. — Չէ, արդեն շատուց Արամազդն թողած է սագի այլափոխվելու սովորությունն, սև վերարկու մը կը հագնի միշտ։ Բայց խնդիրն հոն չէ, Արամազդ զբաղված Է այսօր... սիրտեր կան, զորս քարերու պիտի փոխե, ազնիվ զգացումներ կան, զորս շողոքորթության պիտի այլակերպն, հանգանակություններ կան, որ մուրացկանության պիտի կերպարանափոխեն.. մարդեր կան, որոնց մեկ մասը կապիկի կազմ պիտի առնեն և մյուս մասը փայտ պիտի ըլլան, դասատուներ կան, որ ճպուռ պիտի դառնան օղով սնանելու համար, և կան ուրիշ շատ մը փոփոխություններ, որոնց պիտի պարապի այսօր Արամազդ։

Ծիծաղ. — Շատ լավ։ Պղուտոնն հրավիրենք։

Եվողոս. — Պղուտոնն ալ գործ ունի այսօր. բավական հոգեփոխություններ ունի կատարելու։ Բազում աղերսագիրներ տրված են իրեն մեռյալ կենդանիներու կողմեն, որոնց յուրաքանչյուրին ոդին կը փափագի ուրիշ կենդանվո մը մարմնույն մեջ մտնել։ Մրջյունի մարմնույն մեջ առյուծի ոգի պիտի դնե. քանի մը կիներու մարմնույն մեջեն պարկեշտության ոգին բառնալով՝ անոր տեղ անբարոյականության ոգի պիտի զետեղե. բավական գրություններու մեջ ավելորդաբանության և տաղտկության ոգի պիտի ներշնչե. քանի մը էջերու ոգիներն քանի մը մարդերու մարմնույն պիտի անցնին, կրիային ոգին գործող մարմիններու մեջ պիտի երևի, և վերջապես պիտի կատարվին դեռ ուրիշ շատ ոգեփոխություններ, զորս չեմ կրնար ըսել և որովք պիտի զբաղի այսօր Պղուտոնն։ Ուստի եթե կը հավանիք՝ երթամ կանչեմ Մոմոսն, Բագոսն, Սիզենոսն, և Հիպնոսն և երթանք...

Ծիծաղ. — Հապա Բարոյակա՞նն։