Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու մեր ազնիվ բարեկամներեն տեր Բարոյականն, որ դեռ ողջ է, որ ոչ ճերմակ գինին կը սիրե ոչ սևն, ոչ հավերժահարսեն կախորժի, ոչ քեզմե, որ չսիրեր ոչ ոտանավոր, ո՛չ արձակ, ոչ ողբ և ոչ լաց։

Բարոյական. — (Մեկուսի) Երկուքդ ալ գետնին տակն անցնիք։

Բագոս. — Պատվական գինի ունիմ։

Սիղենոս. — Լեցո՛ւր խմենք, սիրելի աշակերտս։ Օվսաննա Բագոսիդ...

Մոմոս. — Ի՞նչ ձայն է այդ, Սիղենոս, չե՞ս խպնիր։

Սիղենոս. — (Գլտորելով) Իմ ձայնս է։

Մոմոս. — Ինչո՞ւ կը գլտորիս, չե՞ս կրնար վայրկյան մը, գոնե վայրկյան մը շիտակ կայնիլ, ինչու մեյմը ասդին մեյմը անդին կը շարժիս։

Սիղենոս. — Շարժումը կենդանության նշան է։

Մոմոս. — Բայց քու շարժումդ։

Ծիծաղ. — Իմաստասիրական ըլլալու է։

Սիղենոս. — Գինի կ՛ուզեմ ես։

Բագոս. — Սիղենոս, Աստղիկին աղջիկները կուգան, տե՛ս, ի՛նչ հրապուրիչ են։ Քուկին Բարոյականիդ նայե՛, աչքերը անոնց վրա հառած է։

Ծիծաղ. — Հավերժահարսերն ալ կուգան. մուսաներն ալ անոնց ետևեն։ Օն անդր, երթանք։ Բայց Հիպնոսն ո՞ւր է, ինչո՞ւ չեկավ։

Մոմոս. — Ահա ան ալ երևցավ Եվողոսի հետ։

Ծիծաղ. — Օ՛ն անդր, քալենք... մեծ նավ մը վարձենք. մեջը մտնենք և երթանք...

Սիղենոս. — Բալելու կարողություն չունիմ ես. երախտապարտ կըլլայի եթե թույլ տայիք ինձ Զեփյուռին վրա նստիլ:

Եվողոս. — Զեփյուռը հոս չէ։

Ծիծաղ. — Բարոյակա՛ն, Սիղենոսին թևը մտիր մինչև գետեզերքն, որ շատ հեռու չէ։

Բարոյական. — Ծանր պաշտոններն միշտ ինձի կը հանձնվին։

Ծիծաղ. — Քալեցե՛ք, կաղաչեմ սակայն, որ կարգապահությամբ երթանք ճամբան, որպեսզի կրթյալ երևանք և այն