Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվողոս. — Վեց դահեկան տանք։

Նավավար. — Մտե՛ք։

Ծիծաղ. — Հրամմեցեք, մտե՛ք։ Սիղենոսին թևեն բռնեցեք, որ գետը չիյնա։

Սիղենոս. — Վստահ եղեք, որ ես գինով չեմ ա՛լ, թիավարություն պիտի ընեմ։

Բագոս. — Ես ալ կ՝օգնեմ քեզի։

Եվողոս. — Ամենքս ալ մտանք... Սիղենոս, օն անդր հառաջ...

Ծիծաղ. — Մի ձախ, մի հաջ...

Մոմոս. — Չէ, չէ, միշտ շիտակ։

Ծիծաղ. — Նույնահանգ բառ մ՝էր, անոր համար ըսի ես, դուք ձեր գիտցածն ըրեք։

Մոմոս. — Դուն ալ Փիլոպիպղոս մի՛ կտրիր գլխուս, նույնահանգ բառի մը համար մինչև իրիկուն գետին վրա շրջինք, ժամ առաջ երթանք, ուր որ երթալ առաջադրած ենք։

Ծիծաղ. — Բայց և այնպես նույնահանգությունը նշանավոր պաշտպաններ ունի այսօր։

Հիպնոս. — Վայ, վայ, վայ...

Մոմոս. — Ի՞նչ կա։

Հիպնոս. — Արդյոք նորե՞ն գծին վրայեն քալեցի։

Բագոս. — Ինչո՞ւ զարկիր ընկերոջս։

Նավավար. — Որպեսզի թևը ներս քաշե, որովհետև քիչ մնաց, որ մեր քովեն անցնող նավակին և մեր նավակին մեջտեղը պիտի ճզմվեր ձեռքը։

Հիպնոս. — Ահ, ահ, ահ...

Ծիծաղ. — Շնորհակալ ենք, շնորհակալ ենք։

Նավավար. — Բան մը չէ, մեր պարտքն է մեր նավակին մեջ գտնվողներն զգուշացնել գալիք վտանգներե։

Բագոս. — Շնորհակալություններս կը հայտնեմ ձեզ այն հարվածին համար, զոր բարեհաճեցաք մարդասիրաբար տալ Հիպնոսին։

Եվողոս. — Եզերքը հասանք։

Ծիծաղ. — Ելնենք։

Հիպնոս. — Ահ, ահ... ի՜նչ փորձանքներու կը հանդիպիմ այսօր...