Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն պանծալի և բարեհիշատակ շան, որ կատարյալ շան մը պես ապրեցավ, ցույց տալով մեզ այն շավիղն, որուն հետևիլ պարտավոր են անբասիր վարուք ապրիլ ուզող և շուն տիտղոսին արժանանալ փափագող շուները։ Եվ ի՞նչ է շան մը պարտավորությունն, անխոտոր քայլել այն գծեն, որմե անցած է մեր նախահայրն Դիոգինես. հաչել և խածնել։

Մոմոս. — Մանավանդ այն սրունքներն, որ գեր են...

Բագոս. — Կաղաչեմ, թույլ տվեք ատենաբանին վերջացնել յուր խոսքը։

Ծիծաղ. — Հաչել և խածնել, ոչ թե կտոր մը ոսկոր կամ միս փրցնելու և հետո լռելու համար, այլ դարմանելու համար այն վերքերն, որ կենդանիներու մարմինն կը փտեցնեն։ Ո՜հ, չըլլանք այն շուներու պես, որ, որպես թե դարմանելու համար կը լզեն այդ վերքերն և զանոնք անբուժելի կը գործեն միմիայն իրենց անոթությունն հագեցնելու նպատակավ։ Զգուշանանք նմանելե այն շուներուն, որոնցմե ոմանք խենթ, ոմանք բանաստեղծ կը ձևանան, ոմանք գրագետ, ոմանք մելամաղձոտ կը կեղծեն ինքզինքնին, ոմանք դիտմամբ իրենց մեկ ոտքը կտրել կուտան կենդանիներու գութն շարժելու և անոնց սեղանին փշրանքներովն ապրելու համար։

Ամենքը. — Հեռի այդ շուները մեր ընկերութենե։

Ծիծաղ. — Վախնանք ծանոթանալու այն շուներու՝ որոնք հարուստ կենդանուշի մը հղությունն իմանալնուն պես աշխարհի կը հռչակեն թե «Քիչ ատենեն կենդանիներուն բարձր դասն անդամ մալ պիտի ունենա ծննդյամբ ազնիվ կենդանվո մը, որ մոտերս աշխարհ պիտի գա և որու համար արդեն կըսվի, թե լեզվագետ, ուսյալ և կիրթ ճաշակի տեր է։ Մեր խնդակցությունն կը հայտնեմք հրապարակավ և անհամբեր կսպասենք յուր գալստյան։ Չմոռնանք ըսել, թե այդ ազնիվ կենդանին դեռ աշխարհ չեկած հաճեցավ բաժանորդ գրվիլ մեզ»։ Ո՜վ շնականություն, որո՞ւ մտքեն կանցներ, թե այս աստիճան պիտի խոնարհեիր։

Ամենքը. — Մեղք, մեղք...

Ծիծաղ. — Աշխատինք ուրեմն, ազնիվ շուներ, չշեղիլ մեր նախնյաց գծած շավղեն և խածնենք շողոքորթությունն, որովհետև շնականությունն միայն և միմիայն շողոքորթու-