Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գասիքներն միշտ սիրով կը քաղվին։ Խմենք, խմենք առանց ժամանակ կորուսնելու։

Մոմոս. — Խմենք։

Ամենքը. — Ի՜նչ անուշ գինի...

Սիղենոս. — Եթե կրնաք իմ երգս մտիկ ընել՝ հրաման ըրե՛ք, որ երգեմ գինին։

Ամենքը. — Երգե՛, Սիղենոս, երգե՛։

Սիղենոս.

Այգուն փթթած վարդեն քաղած համբուրեն
Զեփյուռն արդյոք քեզ ներշնչել այդ քաղցր բույր
Զի կյանք, հույս, սեր, անմահություն կը բուրեն
Որ մի անգամ քեզ կը մատչին ի համբույր։


Մուսաներ. — Հա, հա, հա...

Սիղենոս. — Ինչո՞ւ խնդացիք, օրիորդներ... իմաստ չկա։

Մուսաներ. — Ոչ իմաստ կա, ոչ փափկություն և ոչ ներդաշնակություն։

Ծիծաղ. — Թող տվեք իրեն երգել, այդ ամենը մեկ տեղ բերելն շատ դյուրին գործ չէ։

Սիղենոս. — Բավական է, որ ես կերգեմ, ինչ որ կզգամ։

Մուսաներ. — Ամենքն ալ կզգան, խնդիրն միայն զգալու վրա չէ, այն որ հրապարակի վրա կերգե իբրև բանաստեղծ, պարտավոր է նաև զգացնել մտիկ ընողներուն, ինչ որ կզգա ինք։

Մոմոս. — Ինչո՞ւ կը վհատեցներ Սիղենոսը... երգե՛, ծերունի։

Սիղենոս. — Ես չեմ վհատիր... թևրե՛ք խմենք։

Ամենքը. — Այո, այո, խմենք։ Դուք ալ խմեցե՛ք, աղջիկներ։

Սիղենոս.— Սկսինք (Կ’երգե):

Վարդագեղ ես, մաքուր, պայծառ, անապակ,
Դեմքդ ջինջ սրտին և հրապույրն և գեղն ունի.
Ոհ, մի՛ շիկնիր. խոստովանե բացարձակ,
Շրթամբք ծծե՞ց զքեզ մի կույս գեղանի։


Մուսաներ. — Հա՛, հա՛, հա՛...

Մոմոս. — Ինչո՞ւ խնդացիք։

Մուսաներ. — Սիղենոսին երգերուն համար։