Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵՐԲԵՐՈՍ ԵՎ ԾԻԾԱՂ[1]

Ծիծաղ — Կավ, կավ, կավ...

Կերբերոս — Լռե՛, Ծիծաղ, լռե՛, օտարական չեմ։

Ծիծաղ — Կավ, կավ, կավ...

Կերբերոս — Մի՛ պոռար, Ծիծաղ, դժոխոց պահապան շունն, Կերբերոսն եմ, երեք գլուխներս չե՞ս տեսներ։

Ծիծաղ — Կավ, կավ, կավ...։

Կերբերոս — Օտարական չեմ, եղբայր, դժոխքեն կուգամ։ Դիոգինեսեն, Կրատեսեն, Անտիսթենեսեն և Մենիպպոսեն բարևներ կը բերեմ քեզ:

Ծիծաղ — ներեցե՛ք, եղբա՛յր, ձեզի դեմ հաչելուս համար, օտարական կարծեցի զձեզ:

Կերբերոս — Պղուտոնի 3 երկրեն լզեցինք ձեր հաչյունն և ուրախացանք, ի դիմաց դժոխոց շուներուն կը շնորհ ավորեմ զձեզ:

Ծիծաղ — Ուրախ եմ, որ Տարտարոսի 4 շուներեն կը շնորհավորվիմ. այստեղի շուներն առայժմ ծուռ-ծուռ երեսս կը նային։

Կերբերոս — Կը մաղթեմ որ այս անգամ ձեր հաչյունն շարունակություն գտնե, վասնզի Մեղուն 5 ձեզի համար կրսե, թե փոփոխամիտ Է, ծույլ Է։

Ծիծաղ — Մեղուն այս անունս չգիտեր, ի՞նչպես ճանչցավ ինձի:

Կերբերոս — Ձեր հաչյունեն։

Ծիծաղ — Ամեն անգամ, որ կտոր մը ոսկոր գտած եմ կրծելու և համեստ փորս գոհացնելու հանդարտորեն, առաոց կրից և օրինավորապես ծիծաղած եմ այն բաներու վրա, որ ինձի չար, տգեղ և անօգուտ երևցած են. իսկ երբ անոթության դատապարտված եմ, ձայնս կտրած, մեկ կողմ քաշված և մեռած եմ։ Սիրելի եղբայր Կերբերոս, անոթի շունն կամ կը քծնի կամ դեմն ելնողին սրունքը կը խածնե։ Ես չեմ կարող առաջինն ընելու, և կամչնամ երկրորդն գործադրելու, չեմ կրնար ներշնչվիլ անոթության լիրբ մուսայեն։

  1. Գործույս հեղինակի շունն է: