Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիղենոս — Գինի կուզեմ։

Բագոս — Գինի բերեք, խմենք Սիղենոսի կենդանության համար, որ այսքան գովեստով կը խոսի գինիին վրա։

Սիղենոս — Այսուամենայնիվ հանգանակություն ընելու համար ձեզմե հանձնարարական գիր մը ուզած չունիմ։

Ամենքը — Խմենք, խմենք։

Սիղենոս — Կեցցե Բագոս, կեցցե՛ գինի։

Ծիծաղ — Դուն ալ երգե քիչ մը։

Հիպնոս — Լա՛վ։ (Կերգե):

Գինին ըմպել կարող եմ բայց երգել, ոչ,
Որ չէ քերթող ի զուր գոչե «Ով Մուսա»,
Չեմ ես հիմար, կամ պուետն այն ինքնակոչ
Որ հանգ, խանդ, հուր մուսայեն միայն կհուսա։


Սիղենոս — Խմենք, խմենք, կեցցե գինի, կեցցեն այգիները, այս գինիեն խմոցներն հավիտյան չպիտի ծարավին։

Դու կ՝սփոփես թշվառն, աղքատն, հեքն հետին
Անցյալ իրացն բառնաս տխուր հիշատակ,
Փայլի ծիծաղն քև արտասուք կանհետին
Լեթե գետն իսկ կմոռցնե քո մի բաժակ։


Մուսայք — Աս Սիղենոսն հանելո՞ւկ կըսե, ինչ կընե։

Սիղենոս — Դուք հանգերուն նայեցեք, հանգերը ճոխ լլալեն ետքը մեջի աղքատությունը չփնտրվիր, շատ կենդանիներ կան, որ առաջ աղքատ էին և վերջեն հարստացան։ Խմենք, խմենք...

Մուսաներ — Քու հանգերդ ալ աղքատ են։

Սիղենոս — Ժառանգական խնդիր մը կարգադրելուն պես կը հարստանան։ Բարոյականն ի՞նչ կընե հավերժահարսերուն քով։

Բարոյական — Կերակուր կը պատրաստենք։

Մոմոս — Կարծեմ թե բավական խմեցինք։

Բագոս — Դեռ պիտի խմենք։

Ծիծաղ — Սոխ ակներն սկսան երգել, մուսաներ, օգնեցեք իրենց։ Գինի բերե՛ք... Բարոյական, ինչո՞ւ հավերժահարսերեն չես կրնար բաժնվիլ այսօր... ի՞նչ կընես հոն։

Բարոյական — Ձուկ կը տապկենք։

Ծիծաղ — Հերիք այդչափ տապկեցիք։