Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Սիղենոս. — Ո՜հ, ինչ անուշ գինի, կյանքդ ավելնա Բագոս, սոխակներու և մուսաներու երգած պահուն ի՞նչ անմահական ըմպելիք ես, ոգինի, մանավանդ երբ Աստղիկի աղջիկներեն մատռվակիս... ուրախությունս կատարյալ է։

Մոմոս. — Անմահության պես բան մը կզգամ վրաս։

Ծիծաղ. — ..Հոգ մի՛ ըներ, կանցնի, գինիեն է... ոհ, հեշտությանց մեջ կը լողամ կարծես։

Եվողոս. — Օօօօօօօօօօօհ...

Ծիծաղ. — (Եվողոսին բերանը խփելով) Ի՞նչ ըրիր թշվառական... աս ի՞նչ փոթորիկ հանեցիր... տե՛ս, ուհիներու գլխարկները օդին մեջ կը թռին... շատերուն շրջազգեստներն առագաստներու պես ուռեցան... ասենուն մազերն ավրվեցան։

Հիպնոս. — Որո՞ւ հոգ... մենք զվարճանալու համար եկանք։

Ծիծաղ. — Աս որքան մազեր բարձրացան օդին մեջ...

Եվողոս. — Շինծու մազ ունեցող ուհիները թող զգուշանան հովեն...

Մոմոս. — Հապա այդ ուռած տիկերն ի՞նչ են, որ ելևէջ կընեն օդին մեջ։

Ծիծաղ. — Ուհիներն իրենց ետևեն կը կախեն զանոնք, գեր և ձևավոր երևալու համար։

Սիղենոս. — Քիչ մալ փչե՛, Եվողոս, կ՛աղաչեմ, զվարճալի տեսարաններ տեղի կ՝ունենան։

Ծիծաղ. — Ոչ, ոչ, ոչ...

Սաղոս. — Ուհիներն ամենքն ալ նիհարցան։

Հիպնոս. — Փախչող փախչողի կըլլան, անիծելով Եվողոսն։

Եվողոս. — Ուհիներու համար լո՞ւռ կենալու է... ի՞նչ հարկ կա ուռած տիկերով հոս գալու։ Խմենք, խմենք... երգեցե՛ք, սոխակներ և մուսաներ...

Սիղենոս. — Եվբրոսինե գինիս բեր...

Բագոս. — Աղլայիս, դու ալ իմս բեր...

Հիպնոս. — Թալիա 15, դու ալ իմինս տուր...

Ծիծաղ. — Երեքդ մեկեն, ո՜վ դստերք Աստղկան, շուրթերուս դպցուցեք այդ բաժակն...

Հիպնոս. — Կեցցե՛ գինի...

Բարոյական. — Հավերժահարսեր, դուք ալ ինձի խմցուցեք... սա հեռուեն անցնողն կը տեսնե՞ք...