Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոմոս. — Պղպեղը կը դպչի ինձի, հիմա գիտնալու եմ, որ չուտեմ։

Հիպնոս. — Խոսք կուզեմ։

Ծիծաղ. — Հասկցա, կտոր մը ոսկոր ալ Հիպնոսին տուր։

Սիղենոս.— Իրա՞վ է, որ գինիին մեջ ջուր գրեր են։

Բագոս. — Ի պաշտոնե կը հայտարարեմ, թե գինին անապակ է։

Բարոյական. — Կարծեմ ժամանակն է, որ դադրե ընենք գինի խմելն, որովհետև այս վիճակին մեջ չենք կարող մեր բնակարանր դառնալ։

Ծիծաղ. — Այո, այո՛, վերուցեք մեջտեղեն գինիի տակառները։ Եվ դու, Հիպնոս, աստված քնո, քնացուր զմեզ այն նինջով, որով կը քնացնես միշտ հուսացյալները։

Հիպնոս. — Եթե այդ քնով քնացնեմ, մեյ մալ չեք կրնար արթննալ։

Ծիծաղ. — Այնպես ըրե, որ մեկ ժամեն արթննանք։

Հիպնոս. — Լավ։

Ծիծաղ. — Երազներուն գեղեցկագույններն ղրկե մեզ։

Հիպնոս. — Աղեկ։

Սիղենոս. — Ես երազ չեմ ուզեր, եղբայրդ, հույսն ղրկե ինձի։

Հիպնոս. — Հոգ մի՛ ըներ, կը ղրկեմ։ Ո՜վ երազներ, ամենքդ ալ հոս եկեք և շարվեցեք առջևս։ Դո՛ւ, Երիտասարդություն, Սիղենոսին գնա։ Հարստություն, դուն ալ Բարոյականին քով գնա։ Փա՛ռք, Մոմոսին գնա։

Փառք. — Գիտեք որ ես գրավված եմ, ուրիշներն բռնած են զիս և չեմ կրնար տեղես երերալ։

Հիպնոս.— Կատարե՛, ինչ որ կը հրամայեմ քեզի ուրիշները, գիտեմ, բռնած են զքեզ դրամով և թող չեն տար, որ արժանավորագույնին երթաս, բայց ես կը հրամայեմ, որ անմիջապես Մոմոսին երթաս։ Այս աստիճան արծաթի սեր չվայլեր քեզ, ո՜վ փառք, հերիք այսքան ժամանակ ստակով վաճառվեցար և գնվեցար, ալ կը բավե։

Փառք. — Շատ լավ, կերթամ, բայց անմիջապես կը փախչիմ եթե դրամ չտա ինձ։

Հիպնոս. — Գնա կըսեմ։