Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարստության ոտքը կը խածնե... Բարոյականն կը խալսի և Հարստության վրա ցատկելով անոր ականջեն կը խածնե. շուներ կը հասնին, Բարոյականն և Ծիծաղն բզկտելու համար... արթնցնեմ խեղճ Բարոյականն... Բարոյական, Բարոյական, Բարոյական։

Բարոյական. — Ո՜հ, աս ինչ սոսկալի երազ ղրկեցիր ինձ, Հիպնոս։

Հիպնոս. — Գիտեմ եղելությունն... Սիղենոսն ալ արթնցնեմ, սիրահարության բռնված է աղջկան մը հետ, ուսկից պիտի կողոպտվի... չկողոպտված արթնցնենք... Սիղենե... Մոմոսին ալ ձայն տանք... Մոմոս... արթնցիր... ահա ամենքն ալ արթնցան։

Բարոյական. — Ինձ ղրկված երազեն բնավ գոհ չեղա։ Մինչև վերջր կռիվ ըրի հետը։ Ո՞ւր գտար Հարստությունն և ինձի ղրկեցիր։

Հինոս. — Նենգության մեջ։

Մոմոս. — Ոչ ալ ես գոհ եղա, քսակահատ Փառք մը ղրկեր էիր ինձի։

Սիղենոս. — Ես ալ գոհ չեղա, երիտասարդ եղա, բաբե, կես ժամ ու չափ։

Հիպնոս. — Երազեցեք ուրեմն այն երազները, որ ձեզ հաճելի են... գեշ երազներեն արթնցողն ուրախությամբ կարթննա, իսկ երբ գեղեցիկ երազներեն արթննա ոք՝ կը տխրի թե ինչու արթնցավ. մի՞թե հնար է չարթննալ ոսկեգույն երազներեն...

Ծիծաղ. — Երթանք, ուշ մնացինք։

Սիղենոս. — Երթանք, բայց ես թուլություն կզգամ մարմնույս վրա։

Բագոս. — Ես ալ։

Բարոյական. — Ես ալ այնպես եմ։

Եվողոս. — Այսչափ խմելու չէիք։

Ծիծաղ. — Կամաց կամաց կը քալենք։

Բարոյական. — Պատրաստվեցեք ուրեմն. այսօր բավական զվարճացանք, միայն թե չափեն ավելի խմեցինք։ Երթանք մեր համեստ բնակարանը քաշվինք և առաջվան պես հաճույքն չափավորության մեջ գտնելու և հաճոյից մեջ իսկ օգտակար լինելու աշխատինք։ Երթանք։