Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Վոնոս. — Ամենևին, աղերսագրիս մեջ հայտնած եմ, ինչ որ կուզեմ։

Ծիծաղ. — Տուր ուրեմն կարդամ։

Ծիծաղ կը կարդա աղերսագիրը, որուն պատճենն ահավասիկ.

Տե՛ր,

Կենդանասիրական զգացումներն, որովք օժտված եք և որոնց փորձերն տված եք հաճախ, համարձակություն կուտան ինձ ներկայիվս ձեզ դիմել աղաչելու համար, որ շնորհ ընեք ձեր ուշադրությունն վայրկյան մը նվիրել խեղճ կենդանվո մը վրա, որ երկար ատենե ի վեր հուսահատության մեջ բնակելե ձանձրացած՝ կորոշե վերջապես ձեր զգացումներուն մեջ փնտրել յուր ցավոց դարմանն։

Տեր, ստորադրյալս, պարկեշտ և համեստ ընտանյաց զավակ, ծնած եմ 1870 ին։ Քանի մը տարի ետքը բաժնվելով ծնողքես՝ ապրուստ ճարելու հարկին մեջ գտնվեցա։ Ի՞նչ գործ կրնար գտնել ինձի պես էշ մը, երբ բարձր տեղե մը չհանձնարարվի, բնականաբար անգործութենե ուրիշ բան չէ կարող գտնել։ Բավական ամիսներ անգործ թափառելե և շատ գիշերներ անոթի անցունելե հետո՝ որոշեցի բեռնակրության ապաստանիլ։ Բեռնակրության պաշտոնով մտա անգութ տիրոջ մը քով, որ անմիջապես համետ մը դնելով կռնակս աղյուսներով բեռնավորեց զիս և փայտի հարվածով մը զգացուց ինձ պաշտոնիս ծանրությունն։ Երկու ամիսի չափ աղյուս կրեցի շինության մը, որ գողությամբ և անառակությամբ հարստացած կենդանվո մը կը պատկաներ։ Փայտի որքան հարվածներ ընդունած եմ, հարվածներ, որ կը տարբերին անշուշտ գրչի հարվածներեն։ Եթե կռնակս բանամ, դեռ նշաններն կեցած են, կարծես թաղային վարժարանի մը մեջ աշակերտություն ըրած եմ։ Շատերը, սակայն անտեղյակ իմ կրած տառապանքներուս, երանի կուտային ինձ։ Օր մը, բնավ չեմ մոռնար, կռնակս հարյուր աղյուս շալկած զառ ի վեր մը կը մագլցեի։ Շունչս կ՝սպառեր, մարելիք կուգար վրաս, ծունկերս կը դողդղային, անկարող էի քալել, և տերս փայտի, խարազանի, ոտքի և ձեռքի խառն հարվածներով կստիպեր