Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կնկանս գլխարկները, գլուխց փարատին, կործանեցին զիս. ամեն շաբաթ նոր գլխարկ առնել կուտար ինձի, երկու օրն անգամ մալ ծաղիկներն փոխվելու էին։ Կը սիրեի զինքն և կուզեի ամեն պահանջումներն, որքան ալ ծանր ըլլային, գոհացնել։ Ուշ իմացա, որ կնկան ամեն հրամաններն կատարողն մուրացկանության մեջ կը գտնե ինքզինքն վերջապես։

Ողորմեցե՛ք... շնորհակալ եմ։

Ծիծաղ. — Կեցիր, սա եկող մուրացկանն ալ ես հարցաքննեմ։ Ինչո՞ւ կը մուրաս, եղբայր, ամոթ չէ ուրիշի բեռ ըլլալը։

— Ժամանակավ հարուստ սեղանավոր մ’էի և արժեթուղթերու վրա գործ կընեի։ Ուզեցի աշխարհիս բոլոր ոսկիները սնտուկիս մեջ տեսնել և ունեցածս ալ կորսնցուցի։ Ընտանյացս համբավն դեմ կեցավ և չթողուց, որ ուրիշ գործով աշխատիմ օրական ապրուստ ճարելու համար, ուստի հետզհետե վաճառեցի տունս և կալվածներս և այսօր ուրիշներու օգնության կարոտ եմ: Գթացե՛ք ինձի...

— Ա՛ռ։

Բարոյական. — Ահա ուրիշ մը... Ինչո՞ւ կը մուրաս, ի՞նչ արկածներ ստիպեցին զքեզ այս անարգ արվեստին դիմելու։

— Բուռն սիրով կը սիրեի աղջիկ մը, որ զիս պաշտել կը ձևացներ։ Ամեն իրիկուն անոր տանն առջևեն կ՝անցնեի և գիշերներն մեկ երկու ժամ իրարու հետ կը խոսակցեինք անոր տանն դռան առջև։ Ան կը խոստանար ինձ կին ըլլալու, ես ալ խոսք տված էի, որ էրիկ ըլլամ իրեն։ Շաբաթականս առնելուս պես Բերա կ՝ելնեի և ապառնի կնոջս հաճելի ըլլալու համար զարդի վերաբերյալ նյութեր կը գնեի և իրեն կը նվիրեի։ Ան ալ սիրով, շնորհակալությամբ կ՝ընդուներ։ Գործերն կանոնավոր ընթացքի մեջ էին։ Շատ անգամ ցերեկներն անոթի կը մնայի և միշտ դրամ հավաքելով իրեն անուշաբույր ոգիներ և յուղեր կը գնեի։ Օր մը կ՝իմանամ, որ իմ ապառնի կինս ուրիշի մը նշանվեր է, խելքս գլխես կը թռի. մեյ մը ասդին կը վազեմ, մեյ մը անգին, որու հոգ, վազե՛, ուր որ կ՝ուզես։ Ինքզինքս կը ժողվեմ, կ՝ուզեմ ապառնի կնոջս տանն առջևեն անցնիլ, զայն պատուհանին առջև տեսնելու հուսով։ Պատուհանին առջև ոչ ոք կա։ Ետ կը դառնամ և նորեն ան—