Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեզին վրա տեսնեմ զքեզ... խաղամոլ զավակ մը ունենաս... հարուստ, բայց ագահ հայր մը ունենաս և այս հայրդ հարյուր հիսուն տարի ապրի...

— Հա, հա, հա...

— Փողոցներու մեջ թափառիս, և հետո հիվանդանոց մերթալով բորոտիս...

— Հա, հա, հա... խնդալու բաներ...

— Ուտելու հաց, խմելու ջուր, սիրելու առարկա մը, բարևելու բարեկամ մը չունենաս։

— Հա, հա, հա...

— Կը խնդա՞ս... վնաս չունի, բայց ահա ձեռքերս վեր առնելով նորեն կանիծեմ զքեզ... վարժապե՜տ ըլլաս...

— Ո՛հ, Ծիծաղ, այս վերջին անեծքն շանթահարեց զիս, ողորմություն մը տանք իրեն և աղաչենք, որ լուծե այդ բանադրանքը:

— Բանադրանքը դրամով կը լուծվի։

— Հապա՜, միշտ ստակով կը լուծվի։

— Շատ լավ, եկո՛ւր բարեկամ, առ սա ողորմությունն և լուծե վերջին անեծքդ։

— Շնորհակալ եմ... Արամազդ երկար օրեր տա, վարժապետութենե հեռի և ազատ պահե։ Մնաք ի խաղաղության։

— Ծիծա՛ղ, ի՞նչ իրավունք ունի այս մուրացկանը զիս անիծելու ողորմություն չտալուս համար։

— Բարոյական, եղբայրս, աշխարհիս գործերն ասանկ են. խմբագիրներն ալ այսպես չե՞ն միթե, մեկ երկու անգամ կը հրավիրեն զքեզ, որ բաժանորդ գրվիս յուր թերթին, եթե գրվիս՝ ամեն օրհնություն կստանաս, եթե ոչ անեծքով կը բեռնավորվիս։ Շա՛հ, շահ և շահ... անկեղծություն, քաղաքավարություն, բարեկամություն, շողոքորթություն, առատաձեռնություն, ամեն բան շահու վրա կը կայանա, վերցուր շահն, կը վերնան նաև շատ մը կեղծ առաքինություններ և ճշմարիտ մոլություններ։ Բայց ահա ետ կը դառնա մուրացկանն, դեպի մեզ կուգա, կը մոտենա... հարցնենք տեսնենք ինչ կուզե... բարկացած կերևի... ինչո՞ւ դարձար, բարեկամ։

— Թշվառ, վարժապե՜ա ըլլաս...

— Ի՞նչ եղար։