Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Վարժապետեն ավելի բան մը ըլլաս...

— Ինչո՞ւ ըլլամ, ողորմություն չտվի...

— Վարժապետ անոց ըլլաս...

— Ատ անկարելի է, որովհետև դրամ չկա, բայց ի՞նչ ըրի ես քեզի...

— Ի՞նչ պիտի ընես, կեղծ դրամ տված ես ինձի, լումա մը չարժեր։

— Ըսեիր և փոխեինք, ինչո՞ւ այդպես կը պոռաս... հրամմեցե՛ք ուրիշը։

— Շնորհակալ եմ... կրակեն, երկրաշարժեն, ծովեն և վարժապետութենեն ազատ պահե զձեզ։ Մնաք բարով...

— Ես քեզի բան մը ըսե՞մ, Բարոյական, այս մուրացկանն անպատճառ խմբագրութենե դարձած է։

— Խմբագիրներու մեջ չկան ազնիվներ... ինչո՞ւ ամենն մեկ ջուրով կը լվաս... վերջապես հեռացավ մարդն, մենք անոր նայինք։

— Դուն ալ ո՞րքան կը վախնաս վարժապետութենե։

— Ո՞վ չվախնար, եղբայր։

— Եթե այսքան կը վախնաս՝ ապահովել տուր ինքզինքդ վարժապետության դեմ։

— Եթե անանկ ապահովության ընկերություն մը ըլլար, վայրկյան մը չէի կենար։

— Ահա ուրիշ մուրացկան մը կուգա, ինձի ձգե՛ անոր հարցաքննությունն։

— Ողորմություն տվե՛ք։

— Արդյոք կրնա՞մ համարձակություն ունենալ ձեզի հարցնելու, թե ի՛նչ պատճառներե ստիպված որոշեցիք այս ասպարեզին մեջ մտնելու։

— Այն պատճառներեն, որոնցմե ստիպված են բոլոր կենդանիները։

— Ի՞նչ, ամեն կենդանիներն մուրացկա՞ն են միթե։

— Անշուշտ, մենք կտոր մը հաց կը մուրանք, մինչդեռ ուրիշներն բարձ, պաշտոն, պատիվ և փառք կը մուրան։ Ամեն կենդանիներ մուրացկաններ են տարբեր տեսակետներով։ Մենք բարեմաղթություններ կընենք և առատաձեռն, առաքինի և այլն անուններն կուտանք մեզի տրված կտոր մը