Հացի փոխարեն, ուրիշներն շողոքորթություն, ցածություն կը գործածեն և դրամ կուտան պաշտոնի, պատվո վերարեբյալ բաներ մուրալու համար։ Մենք մեր փորը կշտացնելու համար կը մուրանք, անոնք իրենց շահու և փառասիրության որովայնը պարարելու համար կը մուրան։ Մենք կըսենք. «Ողորմեցեք աղքատին, կտոր մը հաց տվեք»։ Ուրիշները կըսեն. «Մեծապատիվ տեր, ինձի նկանակ մը փառք տուր»։ Մենք բարեմաղթություն կընենք ըսելով. «Երկար օրեր ապրիք և երջանիկ ապրիք»։ Անոնք կըսեն. «Ձեր անունն պատմության մեջ փառավոր էջեր պիտի գրավե»։ Ինչպես կը տեսնեք, տարբերությունն մեծ բան մը չէ։
— Մուրացկանության իմաստասիրական կողմն է այս։ Առաջ ի՞նչ գործ կընեիր։
— Այս գործին մեջ մեծցած եմ, այս արվեստին մեջ մեռած են հայրս, մայրս, հավս և մամս։ Ամեն կենդանի կոչում մունի, մին պատմագետ, մին լեզվագետ, ուրիշ մը թվագետ, մեկը բանաստեղծ կըլլա, ես ալ մուրացկանության կոչում ունիմ։ Մուրացկանությունն թեև արտաքուստ նախանձելի և ընդհանուրի նպաստավոր ճյուղ մը չերևիր՝ բայց երբ զայն քննենք ամեն տեսակետով և խնդիրն քիչ մը վերեն դիտենք պիտի տեսնենք, որ մեծ սկզբունք մը կը պարունակե յուր մեջ, այն է հավասարության սկզբունքն, որ է թե հարստությունն ամենուս բաժնվելու է։ Կարծեմ բացատրություններես գոհ եղաք, ուստի կը խնդրեմ, որ կտոր մը հաց տաք ինձի։
— Հրամմեցե՛ք:
— Շնորհակալ եմ։ Կեցիք բարով։
— Երթաք բարով, լավ կ՝ըլլար եթե մուրացկանության վրա դասագիրք մը հորինեիք։
— Դասագիրք չքշվիր մեր մեջ, պարապ ծախք մը ըրած պիտի ըլլամ, թող որ անոր տպագրության ծախքը հոգալու հանձնառու հարուստ մ՚ալ գտնել անհնար է։ Մնաք բարով։
— Բարոյական, մուրացկանությունն այնքան բարձրացուր, որ ես ալ միտքս պիտի փոխեմ։
— Չէ, կենդանի մյուր աշխատությամբն ապրելու է:
— Մուրացկանության մեջ ալ աշխատություն կա։
— Ուրիշ մը կը մոտենա, այս երիտասարդ է տակավին ասոր պատմությունն ի՞նչ է արդյոք։