Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծիծաղ — Մի՛, Կերբերե, մի՛ խռովիր, ո՛վ թույլ կուտա, որ անմահանան։

Կերբերոս — Եվ ույք են դոքա, որ անմահանալ կը փափագին, անմահության արժանի լինելու չափ քաջ բազուկ կամ քնար կամ ուղեղ ունին։

Ծիծաղ — Տկարն իսկ չունին։

Կերբերոս — Ո՜վ մորոսություն... ինքզինք ուժեղ կարծողն հիշա՞ծ է երբեք Աքիլլեսն. ինքզինքն քնարի տեր դնողն, ըսե՛, ի սեր Պղուտոնի, միտքը չբե՜րեր բնավ Օրփեոսն զինքն հանճարեղ անվանողն բնավ լսած չէ՞ Աթենաս անունն, և ի՞նչպես կը հանդգնին այդ անմիտներն ասոնց հավասարիլ և ասոնց պես անմահության ցանկալ։

Ծիծաղ — Ես ալ աս կ՝ուզեմ հասկցնել, բայց միտքս չկրնալով բացատրել իրավունքը կը կորսնցնեմ շատ անգամ:

Կերբերոս — Չգիտե՞ն անոնք, որ նույնիսկ անմահներն մեռած են և մտած են այն դռնեն, զոր ես կը պահեմ, և արդարություն է մեռնելու հարմարություն և միայն մեռնելու իրավունք ունեցողներն անմահացնել և անմահության համար ստեղծվածներն մահացնել։ Եթե անմահանալու պետք ունին, ըսեն ինձ և ես կը ղրկեմ իրենց անանկ գանկեր, որոնք ավելի արժեք և կշիռ ունին, քան այն մարմիններն, որ փառասիրության օդով տիկի պես ուռած վեր ելնել կը խանձին: Շատ է անոնց համար նույնիսկ դժոխքն, որուն հիմարանոցին մեջ բնակող խենթերն անոնցմե շատ ավելի խելացի են։ Կը կրկնեմ, Ծիծաղ, թույլ չտաս անոնց անմահանալ, վերջը զքեզ ալ խենթերու քով կը դնեմ դժոխոց մեջ։ Անմահանա՜լ... Չեմ կրնար ըմբռնել, Ծիծա՛ղ, թե ինչպես անմահության գաղափարն կրնա մուտ դտնել մահկանացուի մը մտքին մեջ, կ՝աղաչեմ, հասկցուր սա կետն ինձի։

Ծիծաղ — Թույլ տուր, որ խոսիմ։ Ինչպես ըսի, շուրջս չկա ոչինչ, որ ծաղրելի չլինի, և ես երբեմն հաչելով և երբեմն խածնելով կսկսիմ ծիծաղիլ և հալածվիլ, որովհետև թե խածնել և թե սիրվիլ դժվարին գործ է։

Կերբերոս — Դուն ալ մի՛ խածներ, միայն հաչե քիչ ժամանակ։