Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տվեք ձեր ննջեցյալը։ Մենք բարձր գին չենք ուզեր, այսուամենայնիվ չենք ալ ուզեր, որ վնասվինք։ Ձեր ննջեցյալն բավական մեծ է, բնականաբար ծախքն ալ մեծ կըլլա. եթե տղա մըլլար մեռնողն՝ այն ատեն ավելի նվազ ծախքով և ձեր ուզած եղանակով կրնայինք թաղել»։ Այո՛, շատ անգամ իսկ ներկա գտնված եմ այս տեսակ սակարկություններու։

— Եթե դժոխք երթալ ուզեմ՝ Քարոնը բացառություն մը չընե՞ր ինձի համար։

— Քեզի համար դյուրին է, օր մը կը տանիմ քեզի և դժոխքին չորս կողմը կը պտըտցնեմ։ Բոլոր շուները հոն են։

— Շնորհակալ եմ։

— Ուրեմն դժոխոց վրա ա՛լ տեղեկություններ հարցնելու պետք չունիս։ Ըսե՛ ինձի, նայիմ, այստեղի գործերն ինչպես են։

— Շատ կանոնավոր են։

— Գրականությունն ի՞նչ վիճակի մեջ է։

— Որքան գրագետ այնքան գրականություն կա. հին օրենքներն և կանոններն հարգ ու պատիվ չունին մեր մեջ, ամեն ոք ազատ է իրեն հաճելի թված եղանակով գրել, մին կը դրե սիրահարական վեպ մը, որ կրնա աշխարհագրության, պատմության և իմաստասիրության իբր դասագիրք ծառայել, ուրիշ մը դպրոցական մրցանակներու բաշխման հանդեսին մեջ կը կարդա ճառ մը՝ որ սքանչելի դամբանական մէ:

— Ճաշակի պակասություն։ Չեն քննադատեր։

— Կը քննադատեն. քննադատողներն, այսինքն հոռի կողմերը ցույց տվողներն, որովհետև մեր քննադատներն ընդհանրապես գովելու պաշտոն կը վարեն, կը հալածվին, երբեմն իսկ կը զրպարտվին նույնիսկ ամենեն ազնիվ կենդանիներեն։

— Ծիծաղն մաս չո՞ւնի այս թերություններուն մեջ. ներեցեք սակայն այսպես...

— Ոչ, Ծիծաղն կառնե նյութ մը և անոր ետևեն կերթա հարվածելով ինչ որ ճամբուն վրա յուր առջև կելնե։ Ահա յուր ընթացքն, որով քալած են իրմե առաջ շատ հին հեղինակներ թեև տարբեր ճամբու վրա։ Ստեղծելու պետք չունի, կը նկարե Ժամանակիս պատկերն, ուր պիտի տեսնեն հաջորդ