Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծիծաղ — Հաչյունս ալ անհաճո է անոնց, կուզեն, որ քծնիմ, շողոքորթեմ՝ երբ պաշտոնիս բնությունը հակառակն կը հրամայե ինձ։ Պարտեզիս մեջ եղինճ կը բուսնի, անոնք դափնի կուզեն։ Եթե դափնի իսկ բուսնի՝ չեմ կարող անկե պսակ հյուսել։

Կերթերոս — Ընկերներդ ինչպե՞ս կը հյուսեն։

Ծիծաղ — Անոնք խիստ լավ ուսած են այդ արհեստը։ Ենթադրենք, թե ընկերներես մին սնունդ չունի, հետևյալ օրն ինքնօգնություն վերնագրով հոդված մը կը գրե և ինքնօգնությամբ երևելի հանդիսացող կենդանիներու ցուցակ մը կը հրատարակե, որուն մեջ նշանակված են այդ հոդվածն գրողին բաժանորդներն։ Այս ցուցակեն դուրս մնացոդներն կամ աննշան կենդանիներ են և կամ ուրիշին օգնությամբ նշանավոր եղած։ Երկու օր վերջը գորտերու ժողովույն համար ընտրելի կենդանիներե կը ներկայե ցուցակով մը, որուն մեջ դրված են յուր բաժանորդներն։ Այս բաժանորդներեն դուրս չկա կենդանի մը, որ գորտերու ժողովույն մեջ աթոռ մը ստանալու արժանիք ունենա։ Երկու օր վերջը, որովհետև երկու օրը անգամ մը քծնելու հարկին մեջ կը գտնվի, առատաձեռն կենդանիներու բառարան մը կը հրատարակե, այս բառարանին մեջ անցած են դարձյալ ինքնօգնությամբ հառաջ գացող կենդանիներն, որ ընտրելի ներկայացված են գորտերու ժողովույն համար։ Այս բառարանեն դուրս առատաձեռն կենդանի գտնելն անհնար է, թողունք մեր մյուս ընկերներն՝ որոնց յուրաքանչյուրն իրեն հատուկ ցանկ մունի մեծատուն, բարերար, սիրելի, ազնիվ, հանճարեղ և այլն կենդանիներուն, այնպես որ շատ անգամ կենդանի մը աղվեսին ընթերցողներուն համար բարերար է, կատվի բաժանորդներուն համար չարարար, գայլին ընթերցողներուն համար ոչ բարերար, ոչ չարարար։ Ահա այս եղանակով սնունդ կը գտնեն և կապրին։

Կերբերոս — Անհավատալի կը թվի ինձ խոսածդ, մեկ օրվան մեջ երկու երեք հարյուր պսակ հյուսել։

Ծիծաղ — Ինչո՞ւ կը զարմանաս, երբ ուրիշ գործ չունենա ոք և գիշեր ցերեկ հյուսելով միայն զբաղի, և եթե քիչ մալ ծույլ չլինի, կրնա, կարծեմ, օրն երեք հարյուր հոգի շողոքորթել։