Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաճառականներեն, որ ուրիշ բան չեն եթե ոչ ուրիշի մը ապրանքն քիչ մը շահով ուրիշի վաճառողներ. իբրև սինլքոր կը նկատվին նույնիսկ այնպիսի մեկե մ՚որոլ հայրն ժամանակավ վարժապետ էր, ինքն ժամանակավ վարժապետ եղած է և. եղբայրներն դեռ վարժապետ են։ Ալ ի՞նչպես կուզես, որ վարժապետությունն այս վիճակին մեջ իյնալեն ետքը կարևորություն տրվի դաստիարակության։

— Ողբալի վիճակ։ Շատ կը ցավիմ, որ այսպես գեշ լուրերով պիտի դառնամ դժոխք, ես կը փափագեի աղեկ լուրեր քաղել քեզմե և երթալ հաղորդել Մեղուին, որ կուրախանա երբ յուր ազգայիններուն վրա աղեկ տեղեկություններ իմանա։

— Ի՞նչ կընե Մեղուն այնտեղ։

— Ի՞նչ պիտի ընե, ասդին անդին կը պտըտի։

— Գոնե հանգի՞ստ է։

— Շատ հանգիստ է. բայց երբեմն կը տխրի հիշելով, թե բոլորովին մոռցված է յուր բարեկամներեն, կը վշտանա երբ կը տեսնե, որ յուր մատուցած ծառայություններն, արդարև խիստ կարևոր ծառայություններ, բնավ չեն հիշվիր։ Մեռած օրն, կը պատմե ինքն, հազիվ գտնվեր է չորս հոգի յուր դագաղն տանելու համար. եթե անոնք ալ չգային, կը հարե, խեղճը պիտի ստիպվի եղեր քալելով երթալ ինքզինքը թաղելու։

— Ուրեմն ինչո՞ւ մեղադրել դասատուներն և խմբագիրներն, երբ ասոնք ասպարեզեն կը փախչին շահավոր գործ մը գտնելնուն պես։ Եկուր քեզի բան մըսեմ ականջդ ի վար, բայց երդում ըրե պատվույդ վրա, որ մեկու մը չպիտի ըսես։

— Կերդնում։

— Երդում մալ ըրե՛։

— Երկրորդ անգամ կերդնում պատվույս վրա, որ մինչև դժոխք հետս պիտի տանիմ այդ խոսքը և մեկու մը չպիտի տամ։

— Դժոխքի մեջ ալ մեկու մը չպիտի ըսես։

— Չեմ ըսեր։

— Լավ, հիմա կըսեմ, փողոցներու մեջ կոշիկ ներկողն վարժարաններու մեջ դաս տվողեն հազար անգամ, միլիոն