Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծիծաղ. — Զանգակին ձայնը կը լսե՞ք... վարագույրը բացվելու վրա է, երթանք։

Կրիտիկոս. — Քովի սենյակն է թատրոնն, այնպես չէ՞:

Ծիծաղ. — Այո... մտնենք։

Բարոյական. — Ահա բացվեցավ վարագույրը։

Հեղինակ. — Արգո հանդիսականք. «Անիրավության և նախապաշարմանց թշնամին եմ. հետևապես սրտմտելով կը տեսնեմ այն շղթաները, որով կանացի սեռը կաշկանդված է...

Վիպասանական պատմության ձևով փափագեցա ընկերական զեղծմանց գլխավորները նշանակել։ Մնաք բարով։

Կրիտիկոս. — Ընտիր հառաջաբան մէ այս, որ նախապես իմաց կուտա մեզ, թե այս թատրերգությունն կեղծիք մէ. և կը հրավիրե զմեզ չհուզվիլ այն սրտակտուր տեսարաններեն, որ հետզհետե պիտի պարզվին անշուշտ մեր առջև և որոնց մեջ պիտի հանդիպինք սիրո, նախանձու, կրից, ատելության, դավի և մահու։

Ծիծաղ. — Անիրավ ես. միթե հեղինակին ծանուցումե՞ն պիտի սորվեինք, թե վեպն կեղծիք մէ. և ո՛չ ապաքեն գիտնայով հանդերձ, թե վեպը շինծու պատմություն մէ, կը հուզվինք անոր բացած տեսարաններեն երբ բնական կերպով ներկայացվին անոնք։

Կրիտիկոս. — Ինչո՞ւ ուրեմն հեղինակն ալ դերասանին չափ և թերևս անկե ավելի չաշխատի յուր գործն այնպես ներկայացնել, որպես թե տեղի ունեցած ըլլար։ Եվ չէ՞իր ծիծաղիր արդյոք երբ Մահն Աթելի անուն ողբերգության մեջ Կայենի դեր կատարող դերասանն Աբել ձևացողն սպաննելու վայրկենին դառնար հանդիսականներուն և ըսեր. «Չըլլա որ հուզվիք, ոչ ես պիտի զարնեմ զինքն, ոչ ալ ան պիտի մեռանի. նպատակս նախապաշարում մը հարվածել է»։

Ծիծաղ. — Բնական է, որ այս ծիծաղաշարժ է։

Կրիտիկոս. — Ինչո՞ւ ծիծաղաշարժ ըլլա. միթե Կայենին ծանուցումե՞ն պիտի սորվեիր, թե կեղծիք մէ այդ։

Ծիծաղ. — Ոչ, բայց այն վայրկենին կարծես կը հավատամ, թե իրողություն մը տեղի կունենա առջևս և ոչ թե կեղծիք, երազ։