Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրիտիկոս. — Հավատալ, այո, հավատալ, ասով կը լուծվի մեր խնդրույն հանգույցն։ Մարդս կը հուզվի այն տեսարաններեն, որոնց կը հավատա, և հեղինակն եթե կուզե, որ յուր գործն ազդեցություն ունենա, սիրտերն ու մտքերը հուզե, նախ և առաջ պարտավոր է ամեն հնարավոր և նույն իսկ անհնար միջոցներ ձեռք առնուլ հավատացնելու համար, թե ժողովրդական կյանքեն քաղված դեպքի մը նկարագիրն է այդ երկասիրությունն։ Սիրո վերաբերյալ վեպերու հեղինակներն այսպես վարված են։ Աղեքսանդր Տյումայի որդին յուր Քամելիազարդ Տիկին—ի սկիզբն սուտ խոստովանություն մը կընե ըսելով. «Ստեղծելու տարիքն չունենալով կը շատանամ պատմելով»։ Ինքզինքն տկար կը խոստովանի՝ միմիայն համոզելու համար ընթերցողն, թե կարդալիք վեպն իրողություն մէ։ Բայց ինչո՞ւ երկարեմ, տարակույս չկա, թե Ռափայելն Պողոս Վիրգինիան, Աթալան, Վերթերն, Մանոն Լեսքոն և այլն եթե նմանօրինակ հառաջաբանով մը սկսեին՝ ստվար մաս մը պիտի կորսնցնեին այն տպավորութենե, զոր այժ՛մ կը գործեն մեր վրա։

Ծիծաղ. — Բայց երկար ըրիր, աննշան թեբության մը համար ներելի չէ. այսքան նշանավոր շատախոսություն։

Կրիտիկոս. — Երբեմն ամենա փոքր թերություններն ամենամեծ առավելություններն կը նսեմացնեն։

Բարոյական. — Լռեցե՛ք, վարագույրը բացվեցավ։


ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

ՐԻՍԱ ԱՅՏԱՄ

ՐԻՍԱ

— Մահը կորզեց քեզմե հայրդ, մայրդ և ամուսինդ, և վարվեցավ քեզի հետ չարաչար անգթությամբ, կըսես։

Մարդս ծնանելու է մարդկային փունջին կազմակերպությանը ծառայելու համար, և մեռնելու է յուր աճյունով բեղմնավորելու մահվան մեծատարած դաշտը։