Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրիտիկոս. — Րիսա՛, ներեցեք ինձ հիշեցնելու ձեզ, թե աշխարհիս վրա եթե կա կենդանի մը՝ ուսկից փունջ շինելն անհնար ըլլա՝ այն ալ մարդն է. թեև պարտիզպաններեն ոմանք կը պնդեն թե ուղտերեն ալ փունջ կապելը շատ դյուրին բան չէ: Մարդեն ամեն բան կը շինվի, զոր օրինակ, բժիշկ, գող, կեղծավոր, գրագետ, ավազակ, դասատու, սեղանավոր, խմբագիր, շողոքորթ, ճգնավոր, փառասեր, ամբարտավան, վաճառական և այլն, և այլն, բայց փունջ... գոնե ես տեսած չունիմ. թերևս բարձր դասու մարդերու տուները գտնվին մարդկային փունջեր քոնսոլ-ներ վրա։ Եվ սակայն համաձայն սովորությանս, զոր ունիմ երևակայելու երբ նկարագրություն մը, այլաբանություն մը և վերջապես բացատրության նոր եղանակ մը լսեմ կամ կարդամ, ուզեցի աչացս առջև բերել փունջ մը, որ մարդերե կազմվի... ո՜վ երկինք... ո՜վ դժոխք... ի՞նչ անճոռնի փունջ... Հիդրա... Արգոս մը... Սփինքս մը, մեկ բառով հրեշ մը. ոչ բռնվելու տեղ ունի, ոչ հոտվտալու, տեսքն իսկ սոսկում կուտա մարդու... մեծ ու փոքր գլուխներ իրարու խառնված. սպիտակ, թուխ և կարմիր դեմքեր քովե քով դրված. մեկուն բերնին տակեն ահագին քիթ մը ցցված, մյուսին կռնակեն գլուխ մը կախված... մեկուն ոտներն քովինին գլխեն վեր տնկված և գլուխն ուրիշի մը ծունկերուն մեջտեղ սղմված... մեկն ձեռքովն ուրիշի կը զարնե... գեղեցիկ կնկան մը երեսին մեկ կողմեն սև մորուք և մյուսեն դեղին մորուք բուսած կ՝երևի... ո՞ր մեկն ըսեմ, միայն այս գիտեմ, թե մարդն, թեև չկրնար գիտնալ ինչ նպատակի համար ծնանիլն, եթե նախապես իմանար ասանկ փունջի մը կազմակերպությանը ծառայելու նպատակավ ծնանիլն, պիտի դիմադրեր և չպիաի ուղեր աշխարհ գալ։ Փորձով համոզվեցա այս անգամ, որ մարդկային փունջն, այսինքն քսանի չափ մարդեր քովե քով դրված, ուրիշ բան չէ, եթե ոչ գազան մը, և մարդերուն անգթության վրա կատարյալ և ճիշտ գաղափար տալու համար շատ հարմար է Մարդկային փունջը:

Ծիծաղ. — Բայց Մարդկային փունջն որքան տգեղ երբ երևակայվի՝ այնքան գեղեցիկ՝ երբ արտասանվի։ Գիտնալու ես, Կրիտիկոս, որ այժմ սովորություն է բառերու ներդաշնա-