Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կությանը կարևորություն տալ, քան թե հոգվույն. արդի գրագետներն մեծ մասամբ մարմնապիշ են։ Բառերն խիստ քիչ անգամ իրենց բուն նշանակությամբ կը վարվին. ընդհանրապես գեղահարմար ներդաշնակությամբ պարբերություններ հորինելու, զանազան գույներով զանոնք պճնելու և զարդարելու պաշտոն կը մատուցանեն, և այս եղանակավ իրենց ներկայացուցած միտքն արծվի թռիչը կառնու, բարձրեն կը թռի, կը վազե, կարշավե, կը սուրա և հետո իրենց հոգեզմայլ ոճն կայծակի արագությամբ իջնալով անսահման ծովուն առյուծամռունչ և ամպաշոշափ ալյաց ահավոր և ահարկու բախման նման՝ ահ և սարսափ կազդե ձկնորսներուն, հոգիներն կը հափշտակե, սիրտերն կը պատռե, նավակներն կընկղմե, աղիքները կը գալարե, լյարդը ոսկորները կը շարժե, ջիղերը կը հուզե, միսերը կը գրգռե, և վերջապես ընթերցողին աչերն կարծես հրաբուխ լեռանց բորբոքելոց...

Կրիտիկոս. — Ո՞ւր բարով, Ծիծաղ...

Ծիծաղ. — Եվ դուն ի՞նչպես կը հանդգնիս սողուն լեզվիդ կրիաքայլ ընթացքով բանադատել դրություն մը՝ որ մեր գրականության հորիզոնին վրա կերևի իբրև մի աստղ փայլուն։ Քու միտքդ տկար, սահմանափակ լինելով, չէ կարող ըմբռնել, թե կարելի է փունջ կապել մարդերեն, ինչպես նաև ահագին և թնդանոթաձիգ բանակներ կազմել ծաղիկներե... գրականությունն օր ըստ օրե կաճի, կը բարգավաճի, կը ծլի, կը ծաղկի, կը զարգանա, կը տարածի, և կը նմանի այն մտքին, որ կը նմանի այն տղուն, որ կը նմանի այն բույսին, որ կը նմանի այն գետին, որ հորդառատ անձրևներե կը բարձրանա, կը հորդի, անկողնեն դուրս կելնե և առջևն գտնված հինավուրց կաղնիներն արմատախիլ ընելով կը քշե, կը տանի, դաշտեր ողողելով, տուներ քանդելով։ Ուստի քաջալերել պետք է նոր հեղինակներն և թույլ տալու է իրենց փունջեր շինել նույն իսկ կրիաներե։

Բարոյական. — Կռիվ ընելու չեկանք հոս, մտիկ ընենք: