Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յուր խնամոց հանձնված տղայոց ոչ հագուստին հոգ կը տանի, ոչ ապրուստին և ոչ կրթությանը. շատ անգամ իսկ անոթի, մերկ կը պահե և գրեթե միշտ անբարոյականության կը տանի զանոնք։ Իրաց այս վիճակին դարման պետք է։ Այո, այրն տո՞ւնը մնա, թե գործի երթա։ Եթե գործի երթա, անկանոնություն տան մեջ. եթե տունը մնա՝ վաճառատան մեջ վնաս, եթե տունը լաթ լվա, անդին ապրանքներն աժան գնով կը վաճառվին և արժեքն գրագրին քսակը կը մտնե, եթե ապրանք վաճառելու զբաղի՝ խոհանոցի գործերը չպիտի կրնա տեսնել: Բայց պահ մը ենթադրենք, թե այրն ու կինն ամեն աշխատություն հավասարապես բաժնեն իրենց մեջ։ Հավաքիչ մը պետք է էրկանը, թող կինն վարե այս պաշտոնն։ Սակայն նախապաշարում է, ինչ է, չեմ գիտեր, ես չեմ կրնար ծիծաղս զսպել, երբ յուր հղության յոթներորդ կամ ութերորդ ամսվան մեջ մտած կին մը վաճառատունս մտնե, ըսե. «Պարոն ձեր հաշիվն կրնա՞ք մաքրել այսօր»։ Նույնպես ծաղրաշարժ է երբ կին մը տղա մը գրկած ներկայանա ինձ և խնդրե, որ հաշիվն մաքրեմ։ Գործը կատակերգության կեղերի, երբ այդ կնկան հետ հաշիվ տեսած ատենս տղան լա և մանավանդ որոտընդոստ գոռա և պոռոտա... օն, մաքրեցե՛ք, տեսնեմ։

Ծիծաղ. — Տղա՞ն, թե հաշիվն։

Կրիտիկոս. — Առանց ուրիշ նմանօրինակ պարագաներ մեջ բերելու կրնանք, կարծեմ, համոզվիլ թե նույնիսկ բնությունն, կանանց կազմվածքն, անոնց մարմնույն և սրտին փափկությունն կարգիլեն իրենց վարել պաշտոններ, որոնց ներքև կը ճնշվին երբեմն նույնիսկ ամենեն քարասիրտ, տոկուն և քաջ այրեր։ Ուստի ես կընդունիմ, որ կինն օգնե ամուսնույն այն աշխատություններով, որ գեղեցիկ սեռին կազմվածքին հը հարմարին։ Չեմ ալ ուզեր, որ կինն այրին չափ յուր անձն վտանգներու չենթարկելուն համար անոր հավասար իրավունք չվայելե։

Բարոյական. — Այս խնդիրները լուծելու համար, զավեշտական հոդվածներ գրելն, դաշնակ զարնելն, լրագիր կարդալն, գեղեցիկ ոտանավորներ հյուսելն բավական չեն, պետք է նախ երկրին օրենքներն ճանաչել, կանանց կրթության համեմատ օրենք խմբագրելու համար հարկ եղած գիտություններով օժտված ըլլալ, ևայլն, ևայլն, ևայլն։