Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կուսարան մի կա՝ ապաստանարան ազնվատոհմ հոգիներու։ Հոն կը փափագիմ երթալ, Նևոլին կը մնա հարկ եղած միջոցներուն դիմել, զիս սույն վանքին մեջ ընդունել տալու համար։ Բայց արդ աղջիկս կուզեմ վայելել, զգալ՝ թե ամբողջապես մայր եմ մինչև որ կյանքս Աստուծո նվիրեմ:

Ծիծաղ. — Ինչ անուշ է բնության լեզուն, և որքան անզարդ կարծես այնքան ազդու է, յուր ամենեն գեղեցիկ զարդն անզարդությունն է։

Կրիտիկոս. — Ուրախ եմ, որ ինձ համակարծիք ես։

Բարոյական. — Կը կրկնեմ Կրիտիկոսին կարծիքն։

Ծիծաղ. — Կոմսին պատմության մասին ըսելիք չունի՞ս, Կրիտիկոս:

Կրիտիկոս. — Այո: Վեպերու մեջ մարդս որքան շուտ բույժ կը գտնե յուր ցավոց։ Լումայե կարոտ աղքատն մեկ վայրկյանի մեջ կը հարստանա, կամ անակնկալ ժառանգություն մը ձեռք բերելով յուր հորեղբորեն, զոր չէր ճանչնար առաջ, կամ միլիոնատերի մը համակրությունն գրավելով։ Վեպերու մեջ ավազներն դալարագեղ մարգագետիններու, անապատներն հանկարծ մշտաբուխ վտակներու կը դառնան։ Ուստի զարմանալու չէ շատ, երբ Այտամն փողոցի մեջ կը մարի, կիյնա և կը հյուրընկալվի իրեն անծանոթ կոմսե մոր չճանչնար Այտամն։ Եթե կոմսն յուր տունն չընդուներ Այտամն՝ խիստ ողբալի պիտի ըլլար խեղճ կնոջ վիճակն։ Քառասուն անգամ տեսած եմ փողոցի մեջ ինկած և մարած խեղճ էակներ, որ անցորդներուն մեկ անտարբեր նայվածքին իսկ չէին արժանանար, հանդիպած եմ իրիկվան հացն մտմտացող ընտանյաց հայրերուն, որ երկու դահեկան չէին կրցած մեկե մը փոխ առնել, մինչդեռ եթե վեպերու մեջ մտնեին այս անձերն անմիջապես պիտի հարստանային։ Այս դիտողութենեն ետքը անցնինք կոմսին, որ ի վարձատրություն յուր հյուրասիրության, Այտամին ձանձրույթ կուտա յուր երկարապատում կենսագրությամբն։ Շատեր կան, որ ինքզինքնին մտիկ ընել տալու համար մարդ կը փնտրեն։ Այս դասին կը վերաբերի կոմսն, որ առանց նկատողության առնելու մատնության զոհված և յուր սիրականեն բաժնված Այտամին խեղճ կացությունն, կսկսի անոր պատմել, թե մեծ հայրն կոմս տը Բ...