Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատվավոր բայց համեստ ծնողաց որդի էր, թե մեծն Նաբոլեոն ազնվականության և կոմսի տիտղոսն շնորհեր էր իրեն, թե Պայոնի պատերազմին մեջ արիության ապացույցներ ևայլն, ևայլն, ևայլն։

Ծիծաղ. — Եթե ես ըլլայի Այտամին տեղ, կըսեի կոմսին, պարոն կոմս, ներեցե՛ք, ժամանակ չունիմ ձեր կենսագրությունը մտիկ ընելու, որովհետև սիրտս լի է վերքերով...

Կրիտիկոս. — Թե, վերջապես, ինքն, կոմսն, սիրահարված էր աղջկան մը՝ որ ուրիշի մը խոսեցյալ էր և որ յուր նշանածին հետ՝ զոր չէր սիրեր, չկարգվելու համար ամեն միջոց ի գործ դրած էր, բայց չկրնալով հայրն համոզել՝ ինքնասպանության դիմած էր նույնիսկ հարսանյաց գիշերը:

Ծիծաղ. — Մեր աղջիկներն ավելի քաջ են, իրենց սիրականին հետ կը փախչին, կը կարգվին և ամեն բան կը կարգադրեն։

Կրիտիկոս. — Շատ պարկեշտ է Այտամն և համբերող, որ առանց բառ Չարտասանելու մտիկ ըրած է. կոմսն։ Արդարև անտանելի է այդ անձն, որ վիշտերու ներքև ընկճված ժամանակդ կուգա քեզ պատմել, թե այսինչ գյուղին արևելյան կողմն կիյնա այսինչ լեռն և թե այնինչ լեռան մեջ ծառի մը տակ հացկերույթի մը ներկա գտնված էր օր մը և շատ գինի խմած էր։


ՐԻՍԱ

— Ի՞նչ, Այտամ, սերն ուրեմն մինչև այդ աստիճան կը կուրացնե՞ զքեզ, որ կը հավանիս վանքի մը չորս պատերուն մեջ բանտարկվելով՝ զոհելու ծաղիկ հասակդ, ազատությունդ, վերջապես ամբողջ կյանքդ...:

Իբրև մեծ շնորհ կը խնդրեմ քեզմե, Այտամ, որ ազատությունդ պահես, և վիշտդ արիությամբ տանես։ Տե՛ս, կոմսն քեզ յուր ձեռքը կը նվիրե, ընդունե՝ զայն, արժանի է քեզ: Դուք իրարու սահմանված երկու հոգիներ եք։ Անոր հավատարմությամբ մյուսին անհավատարմությունը պիտի կրնաս մոռնալ, հրեշ մի կը կորսնցնես, հրեշտակ մի կը գտնես, ոչ միայն չես ունենար կորուստ մի այլ և կը շահիս։