Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծառաներ ավագաժողովին ատենապետին։ — Բողոքագիրն բավական կեղծավորությամբ խմբագրված էր։ — Ավագաժողովին դիվանն սույն բողոքո գիրն խնդրոց կարգը կանցունե և քանի մը շաբաթ ետքը խնդիրն վիճաբանության կը գրվի։ — Չմոռնանք հիշելու, որ ավագաժողովին ներկայանալու համար մրջյուններուն կողմեն կը ղրկվին երկու պատգամավորներ, որոնց արտոնություն կը տրվի դռնեն դուրս նստիլ աթոռի մը վրա և վիճաբանության վրա իրենց դիտողություններն, եթե ունենան, ներկայել դռնապանին։ Պատգամավորներն այս շնորհն կը հաղորդեն մրջյուններուն։ Ամեն կողմ ուրախություն, ցնծություն և բերկրություն։ — Ատենապետն կը հրավիրե ժողովականներն կարգով խոսք առնուլ և կարծիք հայտնել ներկայացված խնդրույն վրա, զոր նախապես կամփոփե հետևյալ կերպով.


Ատենապետ — Ինչպես իմացաք կարդացված բողոքագիրեն՝ մրջյուններն իրենց հնությունն հիշելով, կը խնդրեն, որ վերջ տրվի իրենց դեմ եղած հալածումներուն և արտոնություն տրվի իրենց գիշակեր կամ ընտանի կամ արվեստագետ և հանճարեղ կենդանիներու պես ապրիլ. ուստի խոսք առնող երեսփոխաններն կը հրավիրվին հայտնել իրենց կարծիքն այս խնդրույն նկատմամբ։


Փիղ — Կարևորութենե զուրկ ասանկ խնդրո մը վրա, որ կատակերգության նյութ միայն կրնա ըլլալ կարծիք հայտնելն իմ արժանապատվությանս կը դպչի։

Ա. Պատգամավոր — (Առ դռնապանն) Ինչո՞ւ կը դպչի արժանապատվությանը։


Բ. Պատգամավոր — (Առ դռնապանն) Ի՞նչ իրավունք ունի մեր խնդիրն վիրավորելու։


Եզն — Մրջյուններն այս բողոքագիրն իրենք իրենց մատուցանելու էին. և եթե կարող էին երևելի կենդանիներու պես ապրիլ անմիջապես սկսելու էին անոնց պես կյանք վարել, ո՞վ կարգիլեր զիրենք։


Ա. Պատգամավոր — (Առ դռնապանն) Եզն չըմբռնեց բողոքին իմաստն, ես աջակցություն խնդրելու եկա։


Բ. Պատգամավոր — (Առ դռնապանն) Ես ալ ոտանավոր շինելու եկա։