Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԳԻՏՐԱՆ

— Ո՜վ Այտամ, ճանչցա զքեզ նախ պաշտելու, իմս կարծելու և հետո կորսնցնելու, հառաչանաց մեջ հլուծելու, բարձրաձայն անիծելու և գաղտագողի պաշտելու համար զքեզ: Աղետալի դավաճանության մը զոհ եղա ես...։

Գթություն, Այտամ, գթություն:

Կրիտիկոս. — Վնաս չունի, Այտամ ներողամիտ է:


ԱՅՏԱՄ

— Գթություն կը խնդրես ինձմե, երբ սոսկայի կերպով սիրտս վիրավորեցիր և արյունովն ոռոգեցիր...:

Մնաս բարյավ, Գիտրան, միայն զքեզ սիրեցի, և երբեք ուրիշ մի չի պիտի սիրեմ:

Կրիտիկոս. — Կերևի թե Այտամ առաջի ամուսինն ալ շատ չէր սիրեր։


ԳԻՏՐԱՆ

— Այտամ, թույլ տուր ինձ իբրև մեղավոր ներկայանալ աչացդ առջև...։ Ըսե թե կը զիջանիս, որ տեսնեմ զքեզ, և անմիջապես կուգամ, կը թռչիմ, վայրկյան մի կյանք կը վայելեմ, հետո ամեն օր մահ կրելու համար:


ԱՅՏԱՄ

— Զիս տեսնելդ անկարելի է, Գիտրան, ուրիշին պահե պարգևդ, զոր կուզես ինձ շնորհել. օրինավոր իրավունքներ ունի նա քու վրադ. անոր ի՞նչ փույթ քու սխալմունքդ։


ԳԻՏՐԱՆ

— Միևնույն օրն առավ ինձմե կինս և զավակս. մայրը մեռավ՝ զավկին կյանք տալեն վերջը:

Կրիտիկոս. — Երկաթուղիով Մարսիլիա իջիր. շոգենավ մտիր, եկուր առ Այտամն. լմննա երթա, լալկանություն պետք չէ։