Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարագույրն կը ձգի

Անթոս. — Ի տես, ի տես, հեղինակն ի տես, դերասաններն ի տես, կեցցե, կեցցես, կեցցեն...

Ծիծաղ. — Աս ի՞նչ կը նշանակե:

Կրիտիկոս. — Կը նշանակե, որ թատրերգությունն լավ շինված է և դերասաններն լավ կատարած են իրենց դերն։

Բարոյական. — Երանի այն հեղինակին, որուն առաջին երկը կը սուլվի. այն հեղինակն ուղղելով յուր թերություններն, որ ցույց կը տրվին իրեն անկեղծ և անշահասեր անձերու կողմեն, օր ըստ օրե հառաջ կերթա։ Իսկ վայ այն հեղինակին, որ շողոմարար և շահասեր արարածներու խոսքերեն կը խաբվի։ Շողոքորթությունն շատ ողբերգուներ, իմաստասերներ հասուց մեր ազգին մեջ, որ տակավին ողբերգու մը և իմաստասեր մը չունի։


ԺՈՂՈՎՐԴՅԱՆ ԼԵԶՈԻՆ

Երկար տարիներե հետե ծանրակշիռ խնդիր մը կը հուզվի գրագետներու մեջ և գուցե բազում տարիներ ևս զոհվին այդ խնդրույն, որ ինչպես կերևի, չպիտի կրնա յուր վերջնական չուծումն ընդունիլ։ Այս ծանրակշիռ խնդիրն ժողովրդյան լեզվին խնդիրն է։ Անոր ցարդ անլույծ մնալուն պատճառ կը դնեն ազնվականք ոմանք սա կետն, թե վիճաբանող գրագետներուն կոշիկներու կաշին այծի մորթե պատրաստված է և թե այդ գրագետներն շատ անգամ առանց նախապես ածիլվելու լեզվի վիճաբանության կը մտնեն։ Ժողովրդյան խնդրույն վրա ես հակառակ եմ այն կարծիքին, որով հաստատել կը ջանան ոմանք, թե կես մատ մորուքն արգելք կըլլա ուղիղ դատողության, բոլոր սրտով կը մերժեմ նաև մեծատանց ոմանց մեջ արմատացած այն կարծիքն, թե քաղաքավարությունն աղքատներու համար միայն հարկավոր է և թե մարդ մը, սնտուկ մը ոսկի դիզելէն ետքը, պետք և կարոտություն չունի այլևս քաղաքավարության ծանր լուծն կրելու։ Ըստ իս խնդրույն փափկությունն է, որ կը դժվարացնե անոր լուծումն։