Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամեն հեղինակ կը փափագի, որ յուր գրած լեզուն ժողովրդյան լեզուն ըլլա, ինչպես ամեն ատենախոս կը պնդե, որ յուր պաշտպանած շահերն և իրավունքներն ժողովրդյան շահերն և իրավունքներն ըլլան։ Ամեն բաժակ առաջարկող կուզե, որ յուր բաժակն ժողովրդյան կենացն խմվի, թեև շատ անգամ ժողովուրդն կը խմվի առաջարկողին կենացը: Ժողովուրդ բառն անուշ և հրապուրիչ է, մեծ մարդոց դրամագլուխն է այն։ Գրագիտաց գալովն ասոնք, իրենց փառասիրությունն գոհացնելու տենչով միայն կուզեն ժողովրդյան լեզուն խոսած ըլլալ։

Խնդիրն դյուրավ կը լուծվեր, եթե ժողովրդյան լզվին ներկայացուցիչն ըլլալու հավակնություն ունեցող գրագետներուն լեզուներն գոնե քիչ մը նմանություն ունենային իրարու հետ։

— Ժողովուրդը կորսնցուցի կըսե, կըսե մին:

— Ոչ, ժողովուրդը կորուսի կը գործածե, կը հարե մյուսն։

— Երկուքն ալ սխալ է, ժողովուրդն ոչ կորուսի կըսե ոչ ալ կորսնցուցի, այլ կորցրեցի կ՛ըսե կ՛ավելցնե երրորդ մը։

— Դուք ժողովրդյան մեջ մտած չեք, կը պոռա անդիեն ուրիշ մը, ժողովուրդը կորցնում եմ կը գործածե, կըսե։

Գոհ պիտի ըլլայի, եթե ասոնցմե գոնե մին գտնվեր ժողովրդյան բերնին մեջ, որ միայն ղայպ ըրի կ՚ըսե։

ՄՄիայն ժողովուրդն չէ, որ չհասկնար այդ ժողովրդյան լեզուն, նույնիսկ՝ այդ գրագետներն ալ շատ անգամ դժվարություն կը կրեն զիրար հասկնալու համար:

Խեղճ ժողովուրդը բանե մը տեղեկություն չունի, մինչդեռ ասդին յուր լեզուն կը խոսին, յուր շահերն կը պաշտպանվին և յուր իրավունքներն կը պահպանվին:

Ժողովրդյան խոսած բուն լեզվին վրա նոր ծանոթություններ հավաքելու նպատակավ, տրամադրությանս ներքև գտնվող շուներեն երկու հատն այլ և այլ թաղեր ղրկեցի անցյալ օր, ապսպրելով իրենց, որ ամեն տեղ մտնեն և թուղթի մը վրա նշանակեն ինչ որ լսեն: Այս շուներն երեկ եկան և տվին ինձ իրենց պաշտոնավարության տեղեկագիրն՝ որմե քաղելով առայժմ քանի մը խոսակցություններ, կը փութամ ընթերցողներուս ուշադրությանը ներկայացնել զանոնք։