Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասկից առաջ մեր խմբագրությամբը հրատարակված Եփրատներուն մեջ տեսնված «Բառարան հատուկ անվանց» մակագրյալ բառարանեն՝ և դարձյալ մեր խմբագրած Մեղուներուն մեջ «Բառերու սահմաններ» վերնագրով հրատարակված բառերեն քաղելով և անոնց վրա նոր բառեր ալ ավելցնելով ըստ խնդրանաց ազգայնոց ոմանց այսօրվնե կսկսինք հրատարակել «Բառարան թատրոնի» անվամբ։ Այս առթիվ կը խոստանանք նաև լմնցնել «Տարերք ամուսնության»ը, որ Եփրատա մեջ հրատարակությունը թերի մնացած Էր։ Կը խոստանանք վերջապես թե՛ Եփրատներեն և թե՛ Մեղուներեն կիսատ մնացած հոդվածներուն շարունակությունն ընել ըստ բաղձանաց մեր ընթերցողաց։


ԲԱՌԱՐԱՆ ԹԱՏՐՈՆԻ

Զգեստ — Ածական մը՝ որ մարդուս վրա դրվելով անոր որպիսությունը կը ցցունե։

Դագաղ — Անդիի աշխարհ բանող սուրհանդակին նամակատուփը։

Երախա — Երկու հակասական նախադասություններու ուղիղ եզրակացությունը։

Անդրանիկ — Հոր մը հրատարակելիք աշխատասիրությանց առաջին հատորը։

Երկդիմի — Ժամանակավ Յանոս թագավորը երկդիմի Էր, մինչդեռ հիմա ամեն մարդ Յանոս թագավոր է։

Ճաշակ — Քիմքին կարծիքը։