Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տրամաբանություն. — Գրոց ծովուն նեղուցը գրված փարոս մը։ ճամբան աղեկ գիտցողները փարոսին մարած ատեն ալ կրնան նեղուցեն մտնել։

Ծերենց. — Գրագետ մը որ պատմության ծովուն մեջ կը նավարկե, բայց չկրնար ցամաքը ելնել։

Դագաղակիր. — Մեռելոց ցրվիչը։

Նորաձևություն. — Իրա գրաց ոմանց սկզբունքը, ամիսը անգամ մը կը փոխվի։

Երկվորյակ. — Երկու հատոր մեկտեղ կազմված։

Ամպ. — Երկնիր դիմակը։

Բաղանիք. — Մարմնույն քավարանը։

Համրություն. — Բնության տպագրական տեսչությունը։

Շոգեկառք. — Ճամփաներու սղագրությունը։

Պատմություն. — Դիտակ մը, որով մարդս ետևը կը նայի ու առջևը կը տեսնե։

Կրոնափոխություն. — Հավատքին գաղթականությունը։

Ցերեկ. — Օրվան միջակետը։

Բանտ. — Քաղաքականության փակագիծը։

Երկրաշարժ. — Հեղափոխություն հանքերու՝ որք Խարիզի հասարակուրդներու նման կործանելու նպատակավ միայն կը շարժին։

Կարգ խնդրոց. — Մեր ազգային խնդիրներուն Աիպերիան։

Կնիկ. — Փոշի մը, որ մեկու մը աչքը մտնա նե՝ շատ դժվարությամբ կելնե։

Մուրացկան. — Խոնարհ հասարակուրդ մը։

Ծանուցում. — Լրագրաց խեճը (սաֆրա)։

Դժբախտություն. — Աներես հյուր մը... զինք ընդունելու ժամանակ չունեցած ատենգ կուգա ժամերով կը նստի։

Բախտ. — Տղա մը. ժամ մը առաջ տվածը ժամ մը ետքը կուզե։

Ոհ. — Գրականության լալկան կնիկը։

Աղջիկ. — Ավազակ մը որ տունին մեջ ինչ կա ինչ չկա առնել տանելեն ետքը նորեն կուզե։

Խրատ. — Դեղ մոր ականջով կուտվի։

Ամուսնություն — Այն «մասունք բանի»ներեն է որոնց վերջավորությունները կը փոխվին։