Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— (Երկրորդին) Ատենաբանն ինչու կընդմիջես։

— (Առաջնույն և երկրորդին) Ազգային շահերն ոչ այսպես կը պահանջեն, ոչ այդպես։

Չորրորդն ալ յուր պաշտոնը կը կատարե.

— Ատենապետ, ինչո՞ւ թույլ կուտաս ատենաբանին, որ խոսի, ինչո՞ւ կը ներես երկրորդ կուսակցության, որ ատենաբանն ընդմիջե, և ինչո՞ւ կը թույլատրես երրորդ կուսակցության, որ ժողովույն կանոնավորությունն խանգարե, կը խնդրեմ, որ ամենքն ալ ի կարգ հրավիրես, եթե ոչ կը բողոքենք և կը խնդրենք, որ մեր բողոքը արձանագրվի։ Մեր գլուխն ուռեցավ, կգ բողոքենք, պարապ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունինք. արձանագրեցեք մեր բողոքը, ազգային շահերն կը վնասվին. չմոռնաք արձանագրել մեր բողոքն։ Արդարև շատ ցավալի է մեր վիճակն, որուն դարման խորհելե շատ հեռի ենք դեռ։ Թող արձանագրվի մեր բողոքն, որպեսզի ապագա սերունդը կարդա։ Ազգային շահերն ո՛չ այսպես կը պահանջեն, ոչ այդպես և ոչ ալ այնպես։ Դիվանադպիրք, ճշտիվ արձանագրեցե՛ք մեր բողոքներն, որ մեծ կշիռ ունին պատմության առջև։

Երբ ատենաբանի մը խոսքն այսպես կընդմիջվի այլ և այլ կուսակցություններե՝ դյուրին է գուշակել, թե ի՛նչ կերպարանք կ՝ստանա այն ժողովն, որու մեջ պիտի պաշտպանվին աստվածներու ազգային շահերն։

Եվ սակայն վիճաբանությունք կը շարունակվին և որոշումներ կը տրվին։

Տարակույս չկա, թե այն որոշումն, որու մեջ առաջին կուսակցությունն հաղթանակած է, երկրորդին, երրորդին և չորրորդին նայելով՝ ազգին համար վնասակար է. նույնպես եթե երկրորդ կուսակցությունն ավելի քվե ունենա և հաղթանակե, տրված որոշումն հիշյալ կուսակցության տեսակետով միայն շահավոր է ազգին համար, իսկ երեք կուսակցությանց կարծիքովն վնասաբեր և ավերիչ։

Հազիվ ուրեք պատահած է քվեարկություն մը, որու արդյունքն իմանալեն հետո երեսփոխաններն ըսեն.

— Այսօր լավ գործ մը կատարեցինք։

Իսկ միշտ լսված է և կը լսվի քվեարկութենե մը հետո.