Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ գեշ եղավ։

— Ազգին շահերն պիտի վնասվին։

— Այս որոշումն ազգին տունը պիտի քանդե։

Ապաքեն Ազգային ժողովո մեջ մեծամասնություն մը կա, որ տրված որոշմանց վնասակարությունն միայն հայտնելու պաշտոն կը վարե, և փոքրամասնությունն է, որ ըստ սահմանադրության, կորոշե և կը վճռե ամեն բան։

Բայց թե ինչպես կըլլա, որ խնդրո մը մեջ առաջին կուսակցությունն կը հաղթանակե և ուրիշ խնդրո մը մեջ երկրորդն։ Արդյոք մյուս կուսակցություններեն երեսփոխանք կը միանան այս կամ այն կուսակցության։ Բնավ երբեք։ Այն կուսակցությունն, որ նույն օրն յուր անդամոց մեջ շատ բացակայություն կունենա, հաղթանակն հակառակորդին կուտա. որովհետև ինչպես տեսանք, մյուս երկու կուսակցությանց մին ձեռնպահ մասն կը կազմե և մյուսն բողոքող մասն։ Եվ որովհետև այս կաճառին մեջ խնդիրներն պարզվելով և լուսաբանվելով չէ որ կը լուծվին, այլ վիճաբանող կուսակցության թվույն առավելությամբ, նույնիսկ Կլատսթոն յուր պերճախոսությամբ չկրնար քվեից առավելություն վայելել, եթե հակառակ կուսակցության աստվածներեն ոմանք նույն օրն բաղանիք գնացած և ժողովեն բացակա գտնված չըլլան։

Այսպեи ուրեմն, կուսակցություններն ասոնց մեջ սերտ և անքակ կապերով կը կազմվին։ Կարելի չէ որ մեկ կուսակցության մեկ անդամն ուրիշ կուսակցության մանդամին հետ համախոհ գտնվի նույնիսկ տարբեր խնդրո մեջ։ Փորձի համար օր մը մեծ կաթսայի մը մեջ խահվե եփե և հրամցուր երեսփոխանաց, անմիջապես հետևյալ կարծիքները պիտի գոյանան։

Առաջին կուսակցության. — Այս խահվեին շաքարն շատ է։

Երկրորդ կուսակցության. — Ընդհակառակն շաքարն քիչ է։

Երրորդ կուսակցություն. — Ըստ իս շաքարն ոչ շատ է, ոչ ալ քիչ։

Չորրորդ կուսակցություն. — Խմվելու խահվե չէ աս։

Երեսփոխանական ժողովո դեկտեմբերի մեկ նիստին մեջ երեսփոխանին մեկն կարծիք հայտնեց, թե օդը ցուրտ էր, ինքն կը մսեր և թե պետք էր, որ նույն օրն մատենադարանին մեջ փոխադրվեր ժողովն: