Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅԼԱԿԵՐՊՈԻԹՅՈԻՆ ԲԱՌԱՐԱՆԻ

Ագանելիք. — Մարդահաճություն։

Ազատություն. — է բույս ինչ, որ կը գտնվի Ամերիկայի կողմերը։

Ազգական. — Գանձ՝ եթե բարի և հարուստ է. գլխու փորձանք եթե աղքատ է:

Ազդր. — Ո՜րքան կը ծափահարվի թատրոններու մեջ, և որքան փառասեր հեղինակներ դերասանուհվո մը ազդրին ուղղված ծափա հարություններն իրենց թատրերգութեան կը վերընծայեն։

Աղջիկ. — Ապրանք մը, զոր վաճառելու համար դրամ տալ հարկ է գնողին:

Ամենակեր. — Շռայլության բերանը։

Այցետոմս. — Տոմսերու այցելություն։

Անամոթություն. — Կարծյաց ազատություն։

Անառիկ. — Հավատարիմ կնոջ սիրտը։

Անասելի. — Ճշմարտություն։

Անբնակ. — Այն տեղերն, ուր առաքինություն կը բնակի։

Անխիղճ. — Անոնք, որ միշտ կըսեն. «Ձեռքս խղճիս վրա դնելով կերդնում, որ...»։

Անկողին. — Գերեզմանին մանրանկարն, ուսկից ամեն օր հարություն կառնե մարդ։

Առակ. — Ճշմարտությունն դիմակավոր։

Առանձին. — Երբ տգետներու քով գտնվի ոք։

Առաջնորդ. — Ժողովրդյան ետևեն գնացող։

Առողջություն. — Բժշկաց թշնամին, զոր սպաննել կաշխատին և շատ անգամ ալ կը հաջողին։