Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քերթեի, հոբնաղյան ավյունով հարվածեի որովայնապինդն, և այդ պնդութենե հառաջ եկող ընկերական զեղծումներն թվեի, համոզելու համար ընթերցողներս, որ հեռի կենան որովայնապինդներեն և բնավ հարաբերություն չունենան անոնց հետ. կամ ատենախոսություն մընեի լսարանի մը մեջ և Սոկրատեն, Արիստոտելեն, Թեսավրոսեն, Ֆենելոնեն, և այլ բարոյախոսներեն փաստեր հառաջ բերելով անիծեի, բանադրեի որովայնապինդն իբրև սատանայից գերի, և միտքերն հուզելու և սիրտերն շարժելու համար քիչ մալ առաջ երթայի և բարձրաձայն պոռայի՝ թե զգույշ կացեք որովայնապինդներեն, եթե չեք ուզեր դժոխք երթալ, որովհետև չեն կրնար արքայություն երթալ այն ամեն մարդերն, որք որովայնի պնդություն ունին, ի՞նչ պիտի լիներ, կըսեմ, ի՞նչ ազդեցություն պիտի ունենար իմ կատակերգությունս կամ երգիծանքս կամ ատենաբանությունս այդ մարդուն որովայնին խստությանը վրա, պիտի կակուղնա՞ր այդ որովայնն...


— Ոչ, և ըստ ձեր կարծյաց՝ պնդությունն պիտի ավելնար, և մանավանդ թե պիտի ծավալեր նաև անոնց մեջ որք զերծ էին այն պնդութենե։

Կը խնդրեմ, կատակն մեկդի դնենք, խնդիրն ծանր է և լրջություն կը պահանջե, այնպես որ անտիպ ձեռագիրներ չկարդացողները իրավունք չունին այս խնդրույն վրա կարծիք հայտնելու։

Ո՛չ ապաքին ամենքը պիտի ծիծաղեին տեսնելով, թե անգղիական աղի դիմելու տեղ գրականության դիմած եմ, որպես թե հռետորական արհեստն կամ բանաստեղծությունն լուծողականի զորություն ունենար։

Արդ, հավատա՛ ինձ, սիրելի ընթերցող, երբ ըսեմ քեզ թե գրականությունն, որ չէ կարող հարբուխս անցունել, անկարող է նաև բժշկել իմ փոփոխամտությունս։

Բարոյական հիվանդություններն ալ մարմնային ցավոց պես ունին իրենց պատճառներն, որք բոլորովին անկախ են մեր կամքեն և որոց մեջ բնավ դեր չկատարեր ո՛չ կամքն և ո՛չ տգիտությունն։ Տգետն և գինետունն, որ հավասար են տենդերու առջև, հավասար են նաև փառամոլության ջերմին առջև։ Երբ տենդը կուգա մեր դուռը զարնել չհարցներ մեզ.