Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պարոն, ի՞նչ է ձեր կամքը, կուզե՞ք որ բռնեմ ձեզի և քանի՞ օրն անգամ մը.

Կամ.

— Պարոն, ո՞ր վարժարանին մեջ ավարտեցիք ձեր ուսման ընթացքը, ո՞ւր է ձեր վկայականն, ուսյա՞լ եք, թե անուս։

Նույնպես փառամոլության ջերմն նվաճել ուզած անձանց ոչ կամքն կը հարցնե և ոչ վկայագիրն։

Ուստի, քանի որ մարմնային հիվանդություններն իբրև. մոլություն չենք նկատեր, իրավունք չունինք այդ անունն տալու բարոյական ախտերու, որք, առաջնոց պես, հառաջ կուգան այլ և այլ պատճառներե և մեր մարմնո գործարանաց կազմվածքին ունեցած տրամադրություններեն, որք սույն աշխատասիրության մեջ պիտի ցուցվին ի կարգին։ Ես խղճի տեր եմ և խղճի դեմ մեղանչում է տարբեր զգացումներ տածել անդամալույծի մև ագահի մը վրա. երկուքն ալ հավասար արտասուք կամ ծիծաղ ընդունելու իրավունք ունին, ըստ որում ոչ առաջինն յուր հոժար կամոք անդամալույծ եղած է և ոչ ալ երկրորդն Մայրենի լեզու կարդացած չըլլալուն համար ագահության ախտին ենթարկված է։

Եթե այս վարդապետությունն ցարդ ընդունված և քարոզված լիներ՝ իրաց վիճակն զգալի կերպով բարեփոխված պիտի ըլլար, բարոյական ախտերն իրենց բույժն ժամանակին գտած պիտի լինեին, որովհետև ամեն մարդ նախապես և հաստատապես համոզվելով, թե բարոյական ախտերու պատճառն ո՛չ կամքն է և ոչ գիտությունն՝ բժշկի պիտի դիմեր։

Մին պիտի ըսեր.

— Տեր բժիշկ, բազկերակներս կը քննե՞ք քիչ մը, որովհետև քանի մորե ի վեր ամբարտավանության պես բան մը կզգամ վրաս։

Մյուսն՝

— Տեր բժիշկ, շաբաթե մ՛ի վեր լեզվիս վրա շողոքորթության նման բան մը ելած է, սպեղանի մը տվեք, որ քսեմ վրան։

Ուրիշ մը՝