Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենայնիվ իրարու նմանող հիվանդությանց նշաններն լավ ճանչնալու համար մեծ զգուշություններ պետք են. զոր օրինակ, մարդահաճությունն և շողոքորթությունն իրարու նման հիվանդություններ են, բայց էապես շատ կը տարբերին իրարմե, և եթե անզգուշությամբ շողոքորթության դեղն մարդահաճության տրվի՝ մարդահաճությունն շողոքորթության ախտին Կը փոխվի:

Ոմանք դիմագծութենե բարոյական ախտեր ճանաչելու գիտությունն ընդունած են արդարև, բայց այս գիտությունն շատ սահմանափակ է և շատ անգամ կը սխալի։ Նույնպես ոմանք ալ գանկաբանության դիմած են մարդուս այլ և այլ մոլություններն և մտային հանգամանքներն գուշակելու համար։ Ոմանք ալ կուզեն մեր շարժումներեն և ձևերեն մեր ներքինը գիտնալ։ Մեր ախտաբանությունն միահամուռ կը մերժե այս երեք դրություններն. և ահա ինչու համար։ Դիմագիտությունն կըսե մեզ, թե արծվի քիթ ունեցողն բանաստեղծ կըլլա. ախտաբանությունն չընդունիր, որ քերթողներն իրենց բանաստեղծական հանճարն իրենց քթին պարտավոր ըլլան, քանի որ անոնք իրենց հանճարն կը պահեն նույնիսկ եթե իրենց քիթն ամբողջ կորսնցնեն, թող որ մեր ախտաբանությունն յուր հիվանդներն բանաստեղծության ախտեն բժշկելու համար անոնց քիթը կտրելու գործողության հակառակ է։ Նույնպես գանկաբանը և այլք այնպիսի անհեթեթ ախտաճանաչումներ կը պաշտպանեն, զորս ընդունելու համար մեր գրությունն պիտի պարտավորեր ախտը ծաղկեցնելով ախտանիշները ջնջելու, որով միույն քիթը, ուրիշին ականջներն, մեկալին ծնոտը պիտի կտրվեին առանց գոհացուցիչ արդյունք մը հառաջ բերելու:

Ախտաճանաչուժն. — Ախտաճանաչումն այն գիտությունն է, որով կը ճանաչենք հիվանդություններն, տեղական, ընդհանուր, բնական և բնախոսական նշաններու, հիվանդության ընթացից տևողության և այլն օժանդակությամբ։

Կանխավճիռ. — Կանխավճիռն է այն դատողությունն, զոր բժիշկն նախապես կընե թե՛ այն փոփոխությանց վրա, որ կրնան պատահիլ հիվանդության ընթացից մեջ և թե՛ հիվանդության տևողության և թե՛ անոր ինչ վախճանի հանգելուն