Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասին։ Բոլոր նշանաց բաղդատումեն վերջը միայն կրնա գուշակել բժիշկ մը գալիք դեպքերը։

Բույժ. — Բույժն կարելի չէ առանց ծանոթության պատճառագիտականի, ախտաճանաչականի և կանխավճռականի, հետևապես, քննության և փորձառության վրա հիմնված է։

Կնքահայրական. — Որ կը կայանա հիվանդի մը յուր ունեցած հիվանդության անունն միայն ըսելու և հիվանդեն այցեգին առնելու և կծիկը դնելու վրա, գոյություն չունի մեր ախտաբանության մեջ, որ ամեն ախտն բուժելու հավատքն ունի։

Երանի անոնց, որ կը հավատան։


ԿԱՍԿԱԾՈՏՆ

Սահման: Կասկածն այն ախտն է, որ կարծել կուտա հիվանդին, թե բոլոր մարդիկ իրեն վնասելու պաշտոնով բարեհաճած են աշխարհ գալու։

Ախտանիշք: Իպոպտոս մեծ դժվարությամբ կը հաջողի վերջապես սպասավոր մը գտնել հարուստ անձի մերաշխավորության ներքև։ Առաջին օրն սպասավորին երկար քարոզ մը կը խոսի, որուն մեջ մանրամասնորեն կը բացատրե, թե ինչպես կը պատժվի անհավատարիմ սպասավոր մը թե այս աշխարհին մեջ և թե՛ հանդերձյալ կենաց մեջ. թե ժամանակավ սպասավորի մը ձեռքերը գոսացեր են տիրոջը քսակեն լումա մը գողցած ըլլալուն համար, թե ուրիշ ծառայի մը աչքերը կուրացեր են յուր տիրոջը կնկան ծուռ մտոք նայած ըլլալուն պատճառավ. թե մատակարարի մը ականջները խուլցեր են յուր տիրոջը բարի խրատները մտիկ չընելուն պատճառավ. թե սպասավոր մ’ալ դժոխք գացած է օր մը տասը փարա ավելի անցունելով ծախուց մեջ։ Սպոպտոս յուր բարոյախոսությունն կը կնքե հայտնելով, թե ինք կատարյալ վստահություն ունի յուր սպասավորին վրա և թե հայրական պարտք կը համարի բարի խրատներ տալ իրեն։ Սպասավորն աշխարհիս առաջին հավատարիմ անձն է և յուր պաշտոնն կը կատարե խղճի մտոք։ Սակայն Սպոպսաս անհանգիստ է. սպասա-