Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր ունի՞ս, մտատանջություն ունիս կըսե։ Բնավ վստահ չէ սպասավորին և տան ծախքն ինքն յուր ձեռքով կը կատարե, միայն տունն ավլելու պաշտոնն կը թողու անոր։ Դարձյալ դժդոհ է և ամեն օր կաղաչե ծանոթներուն, որ գթան յուր վրա և իրեն հավատարիմ սպասավոր մը գտնելու շնորհ ընեն, վասնզի, կըսե, սպասավորն յուր գողություններով և խարդախություններով տունը պիտի փլցունե, մոխիրի վրա պիտի նստեցնե զինքն։ Խպոպտոս, որ ամուրի է, տունեն դուրս ելած ժամանակն մեծ ուշադրությամբ կը քննե սնտուկներն, պահարաններն և դարաններն, տեսնելու համար, թե աղեկ կղպվա՞ծ են։ Կը կղպե, կը բանա, նորեն կը կղպե, դարձյալ կը բանա, փորձ մ՛ալ կընե, երկրորդ անգամ կը փորձե. որովհետև, կըսե, կրնա ըլլալ, որ անուշադրությամբ բաց թողում սնտուկներն և կղպված կարծելով երթամ։ Բազում փորձերեն ետքը, սենյակներուն, պարտեզին և խոհանոցին դռներն ալ մեծ զգուշությամբ կը կղպե և տունեն դուրս կելնե, խստիվ պատվիրելով սպասավորին, որ աչքը չորս բանա և բան մը գողցնել չտա։ Քանի մը քայլ կառնե, ետ կը դառնա և անգամ մալ ուշի ուշով կը զննե կղպանքները։ Չմոռնար նաև սպասավորին կրկնել յուր պատվերներն։ Տանը դուռն կը գոցե, և իրեն դրացուհի տիկին Անթառամին դուռը կը զարնե, կաղաչե դրացուհվույն, որ հաճի հսկել յուր սպասավորին վրա։ Դարձյալ վստահ չէ։ Երկու տուն վար դրացուհին, տիկին Թերեզային ալ կը խնդրե, որ գործ չունեցած ժամանակն հսկե սպասավորին և տիկին Անթառամին վրա՝ որոց հանձնված է յուր տունն, յուր կյանքը։ Այս հանձնարարությունը ընելեն հետո կը մեկնի՝ ինքն իրեն հարցնելով. «Ի՞նչ վստահություն ունիմ, որ այս երեքն միանալով տունս չպիտի թալլեն»։ Միս դնելու համար մսավաճառին խանութը կերթա, ուր կախված է պատվական ոչխար մը։ Այս միսը, կըսե, մորթված պզտիկ իշու կը նմանի քիչ մը։ Մսավաճառն քրքիջ մը կարձակե։ «Այդ կոշտ ձևերովդ չես կրնար զիս խաբել, ես ձեր բոլոր վարպետություններն և խարդախություններն խիստ լավ գիտեմ» կըսե և արժանապատվությունն վիրավորված նկատելով՝ կը հեռանա անկեց և քանի մը ծանոթներու խորհրդակցությամբ ուրիշ խանութե մը կը դնե միսն, մտքեն ըսելով.