Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Տարակույս չունիմ, որ այս տված դրամես մեր ծանոթներն ալ իրենց համար մեյ մեկ պզտիկ բաժին պիտի հանեն, որովհետև առանց շահու ոչ ոք կօգնե ուրիշին, թող որ միսն շարժեր այնքան՝ որքան վճարեցի»։ Միս ի ձեռին տուն կը վազե, դուռը կը զարնե, սպասավորն անմիջապես կը բանա դուռն։ Իպոպտոս կը սրդողի սպասավորին և սպառնալյոք կը հարցնե անոր՝ թե ինչո՛ւ երկու ժամեն բացավ դուռը, թե ի՛նչ գողնալու զբաղած էր։ Միսն գետինը կը նետե և վազելով կելնե սրահն, ուր նստած է իր ծանոթներեն պատվավոր և պարկեշտ անձ մը։ Իպոպտոս կրակ կը կտրի տեսնելով հյուրն, զոր խոժոռ նայվածքով կը դիտե և ոտքերը գետին զարնելով սպասավորն կը կանչե։ Սպասավորն ցատկելով, վազելով վեր կելնե շնչասպառ։

Իպոպտոս. — Անպիտան, քանի՞ հազար անգամ պատվիրած եմ քեզ, որ բացակայությանս ժամանակ մարդ չմտնե այս սրահը...։

Սպասավորն. — Պատվիրած եք, բայց նկատողության առնելով, որ...։

Իպոպտոս. — Պատասխան տուր, անառակ, քանի՞ միլիոն անգամ հրաման տված եմ քեզ, որ հոս չգտնված ժամանակս վռնտե հոս եկողներն, ով որ ալ ըլլա եկողն, վռնտե՛, նույնիսկ հայրս, վռնտե՛, նույնիսկ մայրս, նույնիսկ եղբայրս, վռնտե՛, մինչև անգամ զիս...

Սպասավորն. — Սակայն խորհեցա, որ...

Իպոպաոս. — Նախ և առաջ խոստովանե, քանի՞ անգամ պատվեր տված եմ քեզ այս մասին։

Սպասավորն. — Քանի մանգամներ...։

Խպոպտոս. — Քանի մը անգամներ, քանի՞ մանգամներ.... ստախոս, անբարոյական, գող, ավազակ...։ Ի՞նչ պիտի ընենք հիմա, ուսկից պիտի պահանջենք գեղցված նյութերը։

Սպասավորն. — Ի՞նչ գողցված է որ...։

Իպոպտոս. — Ի՞նչ գիտնամ, առավոտուն հոս անանկ բաներ կային, որ հիմա չկան։

Սպասավորն. — Ոչինչ գողցված է։

Իպոպտոս. — Ոչի՞նչ գողցված է. ըսել է թե պարզամես ստախոս մեմ, զրպարտիչ մեմ, գեշ մարդ մեմ ես։